Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/310

Այս էջը հաստատված է

կացարանն իր համար ևս նեղ և անբավական է, ուր մնաց որ նա ավելորդ մարդիկ ընդուներ յուր խրճիթի մեջ: Բայց անտանելին այն է, որ շատ անգամ ձմեռը տևում է ավելի երկար քան թե սովորականը, քուրդը սպառնում է իր պաշարը, այն ժամանակ հյուրընկալը պարտավոր է խնամել նորան և նրա անասուններին, մինչև սարերից ձյունը բարձրանա, խոտերը բուսնեն, և նա կարողանա այնուհետև ապրել աստուծո սեղանից։ Տանուտիրոջ մի փոքր ընդդիմադրությունը կարող է նրա կյանքը վտանգի մեջ գցել հյուրի կողմից, որի զենքերը մարմնի անբաժան մասն են կազմ ում, և նրանց իր կրքերին համաձայն գործածելը՝ չէ արգելում ոչ մի օրենք և ոչ մի իրավունք։

Այս կիսավայրենի ազգը, որ կառավարվում է իր բեկերով և շեյխերով, պահպանել է բոլոր բարբարոսական հատկությունները մի Ժողովրդի, որ չէ խոնարհվում ոչ մի իշխանության, և իր ազատությունը գտնում է իր սրի և իր կոպիտ բռնակալական ուժի մեջ։ Իսկ նույն բռնության անբախտ զոհը է մի ազգ, որ վազուց կորցրել է իր սուրը, որի մեջ վաղուց սպանվել է ազատության և ինքնապաշտպանության ոգին, որ իր գլուխը ամենայն հնազանդությամբ խոնարհեցնում է ամեն մի անիրավ ձեռքի ներքո...

ԺԶ

ՍԻՐԱՀԱՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

Մյուս օրը ես զարթեցա խիստ ուշ։ ճանապարհի հոգնածությունը, որ առաջին անգամն էր իմ կյանքում, բաշխել էր ինձ հանգիստ և երկարատև քուն։ Ընկերներիցս ոչ մեկը չկար այնտեղ, ես մենակ էի մնացել քնարանում։ Իսկույն հագնվեցա և դուրս եկա, որ տեսնեմ ո՞ւր են գնացել նրանք։

Գեղեցի՜կ էր լեռնային առավոտը. ճնճղուկները տակավինղ չըկչըկում էին վարսագեղ ուռիների վրա, որոնցմով հովանավորված էր որսորդի տնակը, և արևի առաջին ճառագայթներով լուսավորված բակում հավերն ախորժանոք քաղում էին գետնից հունդերի հատիկները, որ ցրվում էր Մարոն։

Դուրս գալով իմ սենեկից. ես առաջին անգամ նկատեցի, որ Ավոյի տնակը թե իր շինվածքով և թե մաքրությամբ համարյա մի պալատ էր, գյուղի մյուս խրճիթներն հետ համեմատելով: Նա