Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/324

Այս էջը հաստատված է

– Իմ հին ոսկորներն էլ չեն դիմանում գիշերվա ցրտին, ես կերթամ տուն ձեզ համար գինի ու հաց կուղարկեմ, խորովածի համար միս ունեք. իմ կենացն էլ կխմեք, խոսք չկա: Հասո, լավ պատվիր հյուրերիդ: Գնանք, Մարո:

Նրանք դեռ չէին բաժանվել մեզանից, երբ Մարոն մոտեցավ ինձ և հազիվ լսելի ձայնով շշնջաց իմ ականջին:

– Դու կմրսես, Ֆարհատ, այստեղ ցուրտ է լինում. ես տանից քեզ համար քնելու շորեր կուղարկեմ:

Գիշերային մթության մեջ ոչ ոք չնկատեց մեր խոսակցությունը, ես շնորհակալություն արեցի օրիորդին նրա բարեսրտության համար, և հայտնեցի` թե ես փոքր-ինչ սովորած եմ առանց ծածկոցի ևս քնել, որովհետև մեր տանում երբեք անկողին չեմ ունեցել, իմ վերմակը եղել է հորս մաշված վերարկուն, իսկ դոշակս` սառն հասիրը:

– Դու ղոչաղ տղա ես, Ֆարհատ, դու չես մրսի, – ասաց նա ուրախ ձայնով, և իր ձեռքով մի թեթև զարկ տալով իմ ուսին, փախավ ինձանից, երբ երկրորդ անգամ խավարի միջից լսելի եղավ ծերունի որսորդի ձայնը.

– Ո՞ւր ես, Մարո, գնա՛նք, բալաս:

Հասոն իսկույն վառեց ահագին խարույկ տաղավարի առջև, չոր փայտերը բորբոքվեցան, և լույսը տարածվեցավ հեռու մեր շրջակայքում: Այն ժամանակ միայն կարողացա լավ տեսնել վաղեմի ընկերիս — Հասոյի — վերանորոգված կերպարանքը, որը վարժատան կյանքից հետո այնքան շատ փոփոխությունների էր ենթարկվել: Մաշված և ուժից ընկած «էշի փալանը», — որպես կոչում էին նրան — այժմ առողջ և խիստ ժիր տղա էր դարձել: Ահա՛ ի՞նչ է նշանակում տերտերի այբ-բենը և երկրագործությունը... առաջինը մաշեց տրորեց նրա մանկությունը, առանց որևիցե մտավոր սնունդ տալու նրա գլխին... իսկ վերջինը վերանորոգեց նրա սպառված ուժերը և լեցրուց ծերունի հոր տունը հացով...:

Իսկ այս կոշտ-կոպիտ մշակի մեջ չէին երևում ոչ հոր բարեսրտությունը և ոչ քրոջ աշխուժությունը: Հասոն, եթե կարելի է այսպես կոչել, խստասիրտ և մռայլոտ արարածներից մեկն էր: Բոլոր ժամանակը նա մի քանի անգամ միայն խոսեց ինձ հետ, և նրա խոսքերը խիստ կարճ և անգույն էին: Սագոն խիստ ճշտությամբ նկատեց` թե «Հասոն քաղցրախոս է միայն իր եզների հետ, որոնք նրա արորը քաշում են»: Այսուամենայնիվ, ես միշտ համակրությամբ էի վարվում նրա հետ, որովհետև նա Մարոյի եղբայրն էր...

Գյուղը շատ հեռու չէր ագարակից, մենք շուտով ստացանք ծերունի որսորդի խոստացած պաշարը` առատ գինի և հաց: Ղաբանի մսից պատրաստված խորովածները արդեն եփված էին,