Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/350

Այս էջը հաստատված է

լիներ, որ կարողանար տանել։ Նա թողեց թափված ամաններն առանց հավաքելու և ուզում էր դուրս գնալ, երբ Մարոն ներս մտավ։

— Ու՜ֆ, քոռանամ ես, այդ ի՞նչ արեցիր, սարսաղ,— դարձավ նա դեպի ապշած սպասավորը և սկսեց հավաքել թափված ամանները։— Ե՞րբ պետք է դու մի բան սովորես։

— Ես ոչ մի ժամանակ չեմ սորվի այսպիսի սատանայական բաները, թո՛ղ կնիկներն անեն,— պատասխանեց նա կոշտ կերպով.— Դի՛ր իմ շալակին մեկ եզան բեռը ցորեն, ասա՛, Մըհե՛ , տար ջաղացը, կտանեմ, մի հատ էլ չի թափվի։ Երբ սայլը թաղվում է ցեխի մեջ, գոմեշները կաշուց դուրս են գալիս, չեն կարացի տեղից շարժել, ասա՛, Մըհե՛, դուրս քաշե սայլը ցեխից, — Մըհեն կանե այդ, բայց սատանայական բաների նա գլուխ չունի...

— Լավ, լավ, Մըհե՛, քո հոգուն մատաղ, ես այս գիտեմ, ես չէի ուզում քեզ բարկացնել,— ասաց Մարոն, յուղելով կատաղած ծառայի գլուխը։— Դու գիտես, որ Խաթունը տանը չէր, դրա համար քեզ նեղություն տվի։

— Էդ ուրիշ բան է...— ասաց նա և դուրս գնաց։


Մարոն երկար ծիծաղում էր նրա գնալուց հետո. նա պատմեց ինձ մի քանի հատկություններ Մըհեի բնավորությունից։


— Զարմանալի բնավորություն ունի այդ անասունը, նրան ասա «Մըհե, դու գիտես, որ այնինչ մարդուն պետք է սպանել», նա իսկույն կսպանե. նրան ասա՚ «Մըհե, դու գիտես, որ այնինչ մարդու երսին մի ապտակ պետք է տալ». նա իսկույն կկատարե քո կամքը. մի խոսքով, ամեն գործ պատրաստ է նա կատարել, երբ ասես «դու գիտես»: Միայն գործը պետք է բավականին ծանր լինի և խոշոր, թեթև բանի համար գլուխ չունի Մըհեն։


Մարոն ավելցրուց, թե Մըհեն յուր ամսականը ստանալու միջոցին երբեք չէ կարող ընդունել արծաթի կամ ոսկի դրամներ, ասելով, թե նրանք շատ մանր են, և նա չէ սիրում թեթև դրամներ, այլ միշտ պահանջում է պղնձե մեծ դրամներ, թեև յուրաքանչյուր ոսկու փոխարեն կտային նրան մի-մի հատ պղինձ։ Այսուամենայնիվ, կիսախելագար Մըհեն շատ հավատարիմ էր և ուներ օտարոտի բարեսրտություններ։ Նա ծեծում էր իր կնոջը, երբ նա իր երեխային զարկել կամ լացացրել էր. ծեծում էր և երեխային, երբ մորը բարկացնում էր։ Բայց նա միակ մարդն էր, որ սիրում էր Հասոյի եզները այնպես, որպես նրանց տերը։ Այդ պատճառով Հասոն միշտ զոհ էր նրանից և փարախի լիակատար իշխանությունը տվել էր