Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/353

Այս էջը հաստատված է

ԻԴ

ՄԻ ՓՈՔՐԻԿ ՑՈՒՅՑ

Ծերունի որսորդը դարձավ տուն մյուս ավուր երեկոյան պահուն։ Կարոն և իր ընկերները չհայտնվեցան։ Նա ասաց, թե մի անակնկալ դեպք առիթ տվեց տղերքին մի օրով ետ ընկնել այն գործից, որի պատճառով պետք է գնային մի տեղ։ Ի՞նչ գործ, ո՞րտեղ,— այդ մասին նա ոչինչ չխոսեց։ Ես խնդրեցի նրանից պատմել դեպքը։ Նա ասաց, որ շատ հոգնած է, պահանջեց մի բան ուտելու և խոստացավ ընթրիքից հետո պատմել բոլորը։ Մարոն մի քանի րոպեում կատարեց հոր պատվերը․ ես չմոտեցա սեղանին, որովհետև ամենևին ախորժակ չունեի։ Ես միայն նայում էի Մարոյին, որ նստած հոր մոտ, մատների աննշմարելի արագությամբ գործում էր գուլպաներ, և առանց լռելու խոսում էր, թե ինչ դրության մեջ նա գտավ ինձ «քանդված մատուռի» մոտ, թե մտածում էր նա «իմ գլխին մի օյին խաղալ», ամենևին չցույց տալ, թե ինքը Մարոն է, և կողոպտել ինձ, որովհետև ես քնած էի, շատ անզգա կերպով քնած էի. այս դրության մեջ նա կարող էր իմ ձեռքերը, ոտքերը կապել և միանգամայն «պլոկել» ինձ։ Հետո նա իր ճարպկությունը կհայտներ Կարոյին և ինձ կամաչացներ նրա ընկերների մոտ և այլն: Ինձ թեև շատ ախորժ չէր լսել այս բոլորը, որով վիրավորում էր նա իմ հպարտությունը, բայց դարձյալ ես չէի կարողանում զսպել իմ ծիծաղը, երբ նա խիստ հեգնական սրախոսություններ էր անում իր պատմության մեջ։ Հայրը նույնպես ժպտում էր, և շոյելով դստեր մազերը, ասում էր՝ «փոքրիկ ավազակս»։ Բայց Մարոն ծռվեց դեպի իմ ականջը, կամաց ասաց.

— Դու խո չե՜ս բարկանա իմ հանաքներով, Ֆարհատ։

Ընթրիքից հետո որսորդը գտնվում էր հոգու լավ տրամադրության մեջ. նա սովորականից ավելի ուրախ էր, և ծխելով իր չիբուխը, անդադար խոսում էր այն անցքի վրա, որ այն օր պատահել էր։ Ահա նրա պարունակությունը։

Կարոյի խումբը ծերունի որսորդի առաջնորդությամբ գնում էին Բարդուղիմեոս առաքելո վանքը, ուր վանահոր հետ պետք էր մի քանի կարևոր իրերի մասին խորհրդակցել։ Նրանք անցնում են Հասբստանու սարերով, ուր արածում էին հոտերը մի հայաբնակ գյուղի, որ շատ հեռու չէր արոտատեղից։ Հանկարծ լսում են աղմուկ, աղաղակ, և հովիվները կոտրած գլուխներով, արյունաշաղախ,