Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/354

Այս էջը հաստատված է

վազում են նրանց մոտ, հայտնում են՝ թե քրդերը թալանեցին հոտերը, և խնդրում են օգնության հասնել։ Կարոն իր ընկերների հետ շտապում են դեպի այն կողմը, որ ցույց են տալիս հովիվները։ Բայց դեռ հոտերին չհասած, տեսնում են՝ գյուղացիք ետ են դառնում, բոլորովին հուսահատած և իրանց կայքը կորցրած։ Նրանք հայտնում են՝ թե ամենայն ջանք իզուր էր, որովհետև ավազակներն իրանց ավարով արդեն անցել էին այս և այն սարը, որոնցից մյուս կողմը հետամուտ լինել անկարելի էր, որովհետև նրանք արդեն գտնվում էին իրանց սահմանի մեջ, որ բոլորովին անմատչելի էր։ Կարոն հովիվներից տեղեկացած լինելով, թե որ ժամին սկսվեց թալանը, հայտնում է ոչխարների տերերին, թե դեռևս հույս կա ավարը ետ դարձնելու, որովհետև ավազակները ոչխարների դանդաղ քայլերով չէին կարող անցնել այնքան ճանապարհ, մի այնպիսի կարճ միջոցում։ Եվ ավելացնում է, թե իրան Կարոյին, լավ ծանոթ էր այն սարերի դիրքը, նա գիտեր մինչև անգամ ամենաաննշան շավիղները, և խոստանում էր տանել նրանց կարճ ու կտրուկ ճանապարհով, համոզում էր գյուղացիներին իր հետ գնալ։ Իսկ այդպիսի դեպքեր խեղճ գյուղացիների կյանքում առաջին անգամը չլինելով, նրանք չեն համոզվում և արտասվալի աչքերով դիմում են դեպի իրանց տները։

— Ես չեմ մեղադրում ավազակներին, որոնք կողոպտել են ձեզ, նրանք հավատարիմ են մնում իրանց արհեստին,— ասում է Կարոն վրդովվելով։— Ես մեղադրում եմ ձեզ, որ դուք չգիտեք պահպանել ձեր կայքը։ Շատ ուղիղ է ասում քուրդը, թե «հայրը մի կույր հավի սիրտ չունի»․․․

— Տղերք,— դառնում է նա դեպի իր ընկերները,— գնանք մենք և ցույց տանք քրդերին, թե ամեն հայ այնպես չէ, որպես նրանք կարծում են։

Կարոն հայտնում է իր ընկերներին, թե ավազակները մինչև իրանց տեղը հասնելը, անպատճառ պետք է անցնեին այնինչ կիրճը․ թե նրանք ոչխարների համրաշարժ ընթացքով հազիվ թե մինչև կեսօր կհասնեին այնտեղ, ուրեմն ժամանակ դեռ շատ կար։ Իրանք կարող էին մի ուրիշ, ավելի կարճ ճանապարհով, կեսօրից կես ժամ առաջ հասնել հիշյալ կիրճի մոտ և փակել անցքը. այդ կլիներ միևնույնը, որպես փակել որսը որոգայթի մեջ։

Եվ իրավ, Կարոյի տարած ճանապարհը շինում է ավելի կտրուկ, թեև նա անցնում էր ամենավտանգավոր սարավանդների և դժվարին քարաժայռերի միջով։ Այն ճանապարհով անհնար է ձիավոր