Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/355

Այս էջը հաստատված է

մարդուն անցնել, ուր մնաց ավազակներին իրանց ավարով, այդ պատճառով նրանք զանց էին արել մոտավոր ուղին։

Ճիշտ Կարոյի նշանակած ժամին տղերքը հասնում են հիշյալ կիրճի մոտ. նա լինում է մի նեղ փապար, որի միջով հազիվ կարող էր անցկենալ մի ձիավոր։ Փապարի մի կողմում բարձրանում էր ապառաժյա ահագին պատ, մյուս կողմում ընկած էր խորին անդունդ, մի սխալ քայլ բավական էր գլորվելու ճանապարհորդին դեպի այն վիհը։ Ավազակները թվով ավելի քան հիսուն ձիավոր, հասնում են այնտեղ։ Կարոն իր խումբը բաժանում է երկու մասի, ինքը Ասլանի հետ կտրում են կիրճի մուտքը, իսկ ծերունի որսորդը Սագոյի հետ բռնում են նրա ելքը։ Կարոն պատվիրում է իր ընկերներին սպանություն չգործել, միայն երկյուղ տալ ավազակներին, որ նրանք թողնեն ավարը։ Որովհետև սպանությունը կարող էր ենթարկել խեղճ գյուղացիներին ավազակների վրեժխնդրությանը։

Եվ այսպես էլ լինում է։

Կարոն իր դարանից ձայն է տալիս ավազակների գլխավորին, որ թողնեն ավարը, եթե ցանկանում էին կենդանի անցկենալ կիրճից։ Նա պատասխանում է արհամարհանքով և հրամայում է քշել հոտերը։

Կարոն կրկին ձայն է տալիս՝ թե նա դեռևս խնայում է պարոն ավազակապետի գոռոզ գլխին և փորձում է իր գնդակի զորությունը նրա գդակի վրա։ Այդ խոսքերի հետ Կարոյի հրացանը որոտում է, և ավազկապետի գդակը թռչում է գլխից։

Նա դարձյալ մնում է իր համառության մեջ։

Կարոն մյուս անգամ ձայն է տալիս՝ երևի պարոն ավազակապետի գդակը մեծ կորուստ չէր իր համար, բայց նա դարձյալ խնայում է նրա անձին, և այս անգամին իր գնդակը դիպցնում է նրա ձիու աջ ականջին։ Հրացանը երկրորդ անգամ որոտում է և ավազակապետի ձին գլորվում է գետին, իր տիրոջն ևս իր տակովն առնելով։

Կարոյի օրինակին հետևում են նրա և մյուս ընկերները. Ասլանը իր հրացանի գնդակին նպատակ է ընտրում մեկի մտրակը, որ վայր էր գցում առանց տիրոջ ձեռքը վնասելու։ Սագոն խփում է մեկի ձիու թամքի դաշին։ Ծերունի որսորդը խիստ ճարպիկ կերպով թռցնում է մեկի նիզակի ծայրը։

Ավազակների կողմից ամենայն ջանք անցնում է իզուր, որովհետև Կարոն իր ընկերների հետ պատսպարված են լինում ժայռերի