Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/367

Այս էջը հաստատված է

երբ տեսնում էր թե տիրելու անկարող է։ Նա խույս էր տալիս կովի դաշտից, իր հետքից թողնելով ավերակներ և ամայություն։

Ժողովուրդը միշտ գտնվում էր նույն դրության մեջ, որպես մի թռչուն, որի բույնը քանդված էր չար երեխայի ձեռքով․ նա նստած է միշտ օրորվող տերևի վրա և չգիտե ի՞նչ անե։ Բնակիչը սիրտ չուներ կրկին նորոգելու իր խրճիթը որովհետև մտածում էր՝ արդյոք երկա՞ր կարող է բնակվել նրա մեջ. սիրտ չուներ մյուս անգամ ցանել իր արտը, որովհետև հույս չուներ, թե կհաջողվի՝ իրան քաղել իր հունձքը։ Նրա տան շարժական իրեղենները միշտ թաղված էին հողի մեջ կամ նրանց համար հատուկ շինված ստորերկըրյա պահարաններում, որպեսզի, փախուստների ժամանակ թշնամու ձեռքը չընկնեն։ Բայց հաջողվո՞ւմ էր նրան մյուս անգամ դուրս բերել իր կայքը գերեզմանից,— խիստ հազիվ, որովհետև շատ անգամ թաքցնողը, հանդիպելով թշնամուն, զրկվում էր կյանքից և իր պահարանի գաղտնիքը տանում էր դեպի մյուս աշխարհը։ Այս է պատճառը, որ Հայաստանում մինչև այսօր գետինը փորելու ժամանակ գտնվում են այնքան շատ պղնձե, երկաթե իրեղեններ, կանանց զարդեր. դրանք պատերազմների միջոցներում թաքցրած կայքեր են, որոնց տերերն իրանց հետ իջել էին գերեզման։

Այսպես էր այն ժամանակ հայի վիճակը Տարոնի և Վասպուրականի մեջ, նրա դժբախտությունն ավելի նրանումն էր կայանում, որ տիրող բռնավորը-քուրդը-երկրի տերը չէր, այլ զանազան թափառական ցեղերից բաղկացած մի ամբոխ, որ կատաղի մըրիկի նման, տարուբերվում էր երկրի մի կողմից դեպի մյուսը, ոչնչացնելով ամեն կենդանություն, ամեն ինչ, որ արդյունաբերել էր արհեստը և մարդու աշխատասեր ձեռքը։

Քուրդը պետական փառասիրություն չուներ, և ոչ հասկանալի էր նրան աշխարհակալության հպարտությունը։ Նա նայում էր իր նվաճած ժողովրդի վրա, որպես այն սարերի խոտերի վրա, ուր արածում էին նրա անասունները։ Մեկը— ժողովուրդը— մատակարարում էր իրա՝ քրդի պիտույքները, մյուսը— սարերի խոտերը ճարակ էին տալիս նրա հոտերին, որպես վերջինի աճեցնելու և մշակելու համար նա հոգ չէր տանում, նույնպես և ժողովուրդը խնամելու մասին նա չէր մտածում։ Քուրդը վստահ էր, թե աշխարհի մեջ ամեն տեղ բաց է նրա ասպարեզը, ամեն տեղ կարող է գտնել այս տեսակ արոտներ, քանի իր սուրը կարում է, քանի իր թևքը շարժվում է։