Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/369

Այս էջը հաստատված է

Մարանդ, Ուրմի, Սոլդուզ, Սովուխբուլախ, Դուխարղան, Մարաղա, Թաբրիզ, Ղարադաղ, Արդաբիլ։ Բացի հայերից, հիշյալ գավառներում բնակվում էին Ղզըլբաշ կոչված թուրքերը, որոնք կազմում էին ժողովրդի մեծ մասը, և այստեղ ու այնտեղ ցրված էին՝ հրեաներ, ասորիներ, քրդեր, բոշաներ։

Տիրող ազգը պարսիկն էր, որոնց մեջ նույնպես կային ցեղեր, որպես էին՝ լաքերը, ավշարները, թաթերը և Ղարաբաղի զանազան էլաթները, որոնք ընդհանրապես խիստ հազիվ էին որոշվում միմյանցից թե տիպերով, թե սովորություններով և թե բարբառներով։ Խոսում էին թուրքերեն լեզվով, որ շատ տարբերվում է Օսմանյան տաճկերենից, կրոնքով մահմեդականներ էին և պատկանում էին շիա աղանդին։ Կրոնքի հոգևոր ներկայացուցիչներն էին մոլլաները, չափազանց խորամանկ, փառասեր և կեղծավոր մի հասարակություն, որ արտաքին բարեպաշտությամբ, ծածկված ավելի ճգնավորական դիմակով, գրավել էին ժողովրդի խորին հարգանքը, միևնույն ժամանակ մտցրել էին նրա մեջ կույր սնահավատություն և խավար մոլեռանդություն։ Նախապաշարմունքները մուսուլմանների մեջ, մահմեդականության չպատկանող ազգերի վերաբերությամբ, հասնում էին խելագարության։ Ինչ ազգ չէր հետևում իսլամին, նա համարվում էր պիղծ, զրկված թե այս աշխարհի և թև հանդերձյալ կյանքի երանություններից, որոնց պատրաստել էր ալլահը միմիայն Մուհամմեդի շիաների համար։ Այս պատճառով, մահմեդականը, ոչ միայն ատելությամբ էր նայում դեպի այլակրոնները, այլ իրան մեղք էր համարում սերտ հարաբերություններ ունենալ նրանց հետ։ Մահմեդականը չէր ուտում կերակուրը, որ պատրաստված էր այլակրոնի ձեռքով, նա չէր հագնում հագուստը, որ գործված էր այլակրոնի ձեռքով, նա իր տան մեջ չէր բանեցնում կարասիք, որոնց արհեստագործել էր այլակրոն մարդը, մի խոսքով, նա պիղծ էր համարում բոլոր արդյունաբերությունը, որ դուրս էր գալիս մահմեդականության չպատկանող ազգերի ձեռքից։ Նա պիղծ էր համարում և այլակրոնների անձը, օրինակ, մի հայ, մի հրեա, մի ասորի անձրևային օրերում, թաց հագուստով չէին կարող քսվել մահմեդականին, այս համարվում էր սրբապղծություն և անզգույշ հանցավորը կրում էր իր պատիժը։ Ահա այսպիսի և դրանց նման շատ խտրություններ, որոնց դրել էր մահմեդականությունը մուսուլմանների մեջ, ոչ միայն քրիստոնյաներին և հրեաներին ենթարկում էին իսլամի հալածանքին, այլև զրկում էին նրանց շահվել իրանց արդյունաբերությունից, և վնասում