Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/37

Այս էջը հաստատված է

— Խե՛ղճ աղջիկ.․․— կրկնեց Կեկելն անլսելի ձայնով։

Սույն միջոցին Կեկելի խրճթի դռանը լսելի եղան մելոդական հնչումներ մի վրացերեն երգի.

Ա՛խ թըվալեբո, թըվալեբո,
Շավ թըվալեբո, թըվալեբո[1]։


Դռները հետ գնացին, Նիկոլն ուրախ-ուրախ ներս մտավ ասելով.

— Է՜յ, շենի ճիրիմե, էսօր օխտը աբասու ծախել եմ։

Նրա աչքին երևաց Մարիամը։— Էս ո՞վ է,— կոչեց նա հետ-հետ քաշվելով։ Նա կրկին մի քանի քայլ առաջ գնաց, և ուղիղ օրիորդի երեսին նայելով, ձայն տվեց.— Տո, Մաշո՛, դո՞ւն ես... լա՛վ բարիշնա ես դառի...։

— Ես եմ,— պատասխանեց Մարիամը կարմրելով։

— Որտեղի՞ց է էդ շորերը։

— Մարդս է ուղարկի, Նիկոլ ջան,— պատասխանեց օրիորդը։

— Նիկոլ ջա՜ն, չէ՛, զա՛հրումար... մարդը՞դ... տեհնում ե՞ս...— Պատանու աչքերը վառվեցան, նա սպառնացավ օրիորդին յուր սարսափելի մուշտին։— Դե՛, էս նիմուտին, է՛ս նիմուտին, ասում եմ քեզ, հա՛նի էդ շորերը, թե չէ դիփ կպատռտեմ, քեզ էլ կսպանեմ, քու մարդուն էլ...

— Ինչո՞ւ ես սպանում, Նիկոլ ջան, խեղճ չէ՞,— պատասխանեց օրիորդը միամտությամբ։

Պատանին ավելի կատաղեցավ։— Տո՛, էդ ի՞նչեր ես խոսում, գժվե՞լ ես... Թողե՛ք դրան ես խեղդեմ։— Եվ նա գազանի պես հարձակվեցավ Մարիամի վրա։

— Տո՛, Նիկոլ, տո Նիկոլ, ի՞նչ ես անում,— մեջ մտավ Կեկելը։— Նա խարում է քեզ, նա հանաք է անում,— կոչում էր խեղճ կինը, աշխատելով հանգստացնել որդու բարկությունը։

Այդ խռովության մեջ Մարիամը միջոց գտնելով, դուրս վազեց Կեկելի տնից։ Պատանու մայրը նրա ետքից կողպեց դուռը, որ Նիկոլը դուրս չգնա։

Մարիամը բոլոր մարմնով դողում էր. նա չէր կարողանում հասկանալ, թե ինչո՛ւ գրգռեց Նիկոլի բարկությունը․ նա կարծում էր, թե Նիկոլը կուրախանա յուր նոր հագուստով։ Նրա դեմքը

  1. Ախ, աչե՛ր, աչե՛ր
    Սևորակ աչե՛ր։