Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/380

Այս էջը հաստատված է

և լճերը, որոնց կյանքը տևում է անթվելի դարերով։ Այս հիշատակները պահպանել էր վերջապեա Ժողովրդի ոգին, որ երբեք չէ մեռնում։

Հայը չէր ուզում բաժանվել հայրենիքից։ Հայրենիքը նրա սրբությունն էր։ Այնտեղ ամեն մի քար, ամեն մի ավերակ հիշեցնում էին նրան իր վաղեմի մեծությունը։ Դեռ բոլորովին չէին անհետացել բերդերի, ամրոցների փլատակները, ուսկից մի ժամանակ նրա ազգի պետերը տարածում էին իրանց իշխանությունը։ Դեռ մնում էին հին քաղաքների ավերակները, որոնց փշրանքի մեջ երևում էր հայ մարդու արհեստը և ճարտարությունը, որոնք քարոզում էին, թե որքա՞ն հանգիստ էր քաղաքացու կյանքը, որքա՞ն զարգացած էր նրա մեջ գիտությունը։ Դեռ բոլորովին չէին անհետացել հետքերը բազմաթիվ ջրանցքների, ստորերկրյա խողովակների, որոնք ցանցատեսակ հյուսվածքով տարածվել էին ընդարձակ դաշտերի վրա, անցնում էին ամենադժվարին լեռների և բլուրների միջով, որոնք ցույց էին տալիս, թե որքան ծաղկած էր մշակ մարդու գործը, որքան նա սերտ կերպով կպած էր բնության և երկրի հետ։

Իսկ այժմ տիրում էր անապատ և ամայություն...

Մի բան, որ մնացել էր անջնջելի թե ժողովրդի սրտի մեջ և թե երկրի վրա, դա էր կրոնքը և նրան արտահայտող հիշատակարանները։ Ամեն տեղ, անմարդաբնակ և խուլ ձորերի մեջ հանդիպում էին հսկայակապ վանքեր, ուր տոնական հանդեսների ժամանակ միայն հավաքվում էր ուխտավորների բազմությունը, իսկ այնուհետև նրա շեմքը չէր կոխում աղոթողի ոտքը։ Միայն միաբան աբեղաները ամենայն ջերմեռանդությամբ կատարում էին սովորական ժամերգությունները։ Բլուրների վրա, լեռների խորին ծոցերում, ցրված էին անթիվ մատուռներ, որոնք կրում էին իրանց մեջ այս և այն ճգնավորի մարմնի փշրանքը։ Սարերի անմատչելի տեղերում տեսնվում էին մթին քարանձավներ, ուր միայնակյացները, հեռանալով աշխարհի աղմուկից, նվիրել էին իրանց աստծուն։ Այս քարանձավները, երևի, մի ժամանակ նախնական մարզիկների բնակարաններ էին, որ հետո դարձան ճգնավորների ապաստարաններ։ Քիչ չէր այն հիշատակությունների թիվը, որոնք կոչվում էին «խաչքար» կամ «թուխմանուկներ»․ դրանք կանգնած էին զանազան բարձրավանդակների վրա, ուր մի նահատկ թափել էր իր արյունը հավատքի համար, կրոնական հալածանքների ժամանակ։ Ժողովուրդը ջերմեռանդությամբ հարգում էր սուրբի հիշատակը և ծխում էր այնտեղ իր խունկը։ Իսկ եկեղեցիները ոչ թիվ ունեին և