Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/381

Այս էջը հաստատված է

ոչ համար։ Յուրաքանչյուր գյուղ, որ բաղկանում էր մի քանի գետնափոր խրճիթներից, ուներ մի փառավոր եկեղեցի։ Իսկ այն հոյակապ տաճարը շատ հին ժամանակների գործ էր, երբ գյուղի ժողովուրդը բազմաթիվ էր և հարուստ, և ոչ այնպես աղքատ և փոքրաթիվ որպես այժմ։

Ես մոռացել եմ բոլոր վանքերի անունները, որոնք գտնվում էին իմ նկարագրած գավառներում, բայց մի քանիսը դեռ հիշում եմ։ Մագվա գավառումն էր սուրբ Թադևոս առաքելո վանքը, որը մեր Աբգար թագավորի խնդրելով, ուղարկվեցավ Հայաստան և այստեղ նահատակվեցավ։ Նույն գավառումն էր և սուրբ Ստեփաննոս Նախավկայի վանքը։ Այստեղ էր պատմական Արտազը, Ավարայրն, Տղմուտը, ուր հայոց քաջերը այնպես եռանդով պատերազմեցին Հազկերտի և նրա մոգերի հետ կրոնքի ու հայրենիքի պաշտպանության համար։ Վանա ծովակի կղզիներումն էին։ Լիմ, Կտուց և Աղթամարա անապատները իրանց խստակյաց աբեղաներով։ Հաղբակումն էր սուրբ Բարդուղիմեոս Առաքելո վանքը, որը սուրբ Թադեոսից Հայաստան եկավ և այնտեղ նահատակվեցավ։

Վանքերը, ոչ միայն իբրև կենտրոն հայերի կրոնական կյանքի, պահպանում էին իրանց մեջ ազգի սրբությունները, այլև ամփոփում էին իրանց մեջ նախնյաց մտավոր վաստակները, հին մագաղաթների վրա, ժամանակակից դեղնած և գունատված տառերով։ Վանքերի մեջ գրած էին և շիրիմները հայոց մեծ մարդերի։ Օրինակ՝ Աշտիշատա եկեղեցին Մուշի մեջ կրում էր Սահակ պարթևի գերեզմանը, այն մեծ քահանայապետի, որ այնքան երկար տարիներ պատերազմելով պարսից արքունիքի և Բյուզանդիոնի խորամանկ քաղաքականության հետ, պահպանեց Արշակունիների այն ժամանակ խարխուլ գահը։ Սուրբ Ղազարու կամ Առաքելոց վանքը, Մուշի մեջ, ուներ Մովսես Խորենացու գերեզմանը, որը մտցրուց Հայաստան հունական գիտությունը, որ տվեց հայերին իրանց նախնյաց պատմությունը, որպես Եհովայի Մովսեսը տվեց Իսրայելին Հին Կտակարանը։ Նույն վանքումն էր Դավթի, «անհաղթ» փիլիսոփայի գերեզմանը, Խորենացու աշակերտակցի, որ նույնպես Աթենքից բերավ Հայաստան հունաց դպրությունը և սովորեցրուց հային իմաստասիրություն և առողջ մտածություն։ Այնտեղ էին և Հովհան և Ղազար թարգմանիչների գերեզմանները։ Վանքն Ոստանա, Ռշտունյաց երկրում, ուներ Եղիշեի գերեզմանը, այն ոգելից բանաստեղծի, որ այնքան եղերական կերպով երգեց հայոց քաջերի նահատակությունը Ավարայրի դաշտում։ Վանքն Նարեկա ուներ