Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/383

Այս էջը հաստատված է

թյունը նույն նշանակությունն ուներ, որպես իր շեյխի տված թիլիսմանը, որը նա կապում էր աջ թևին թշնամու զենքերից անխոցելի մնալու համար։ Քուրդը դարձնում էր սրբազան կողոպուտը, միայն ծանրագին փրկանք ստանալեն հետո։ Պարսիկները և թուրքերը այն ակնածությունը չունեին դեպի քրիստոնյաների սրբությունները. նրանք կոչնչացնեին, եթե տեսնեին, որ նրանցից գոյացած ոսկին ու արծաթը կարող էր ավելի գին բերել, քան թե այն գումարը, որ ստանալու էին իբրև փրկանք։ Իսկ փրկանքը լինում էր միշտ ավելի բարձր, քան սրբության արժեքը։ Օրինակի համար ես կհիշեմ մի դեպք, որը պատահեց իմ ժամանակում։ Բարդուղիմեոս առաքելո աջը, որ գտնվում էր Հաղբակա նույն անունով վանքում, գերի ընկավ պարսիկների ձեռքում։ ժողովուրդը վճարեց սուրբ աջի ծանրության չափով տասն անգամ ոսկի և փրկեց գերին։ Ամբողջ գավառի կանայքը զրկվեցան իրանց ոսկի և արծաթի զարդերից, նրանք իրանց մատանիները, քամարները, գլխի պաճուճանքը և պարանոցի մանյակները թափում էին վանահոր մոտ, որպեսզի հայոց առաքյալի սուրբ աջը՝ «իրանց երկրի պաշտպանը», գերի չմնա «անօրենների և անհավատների» ձեռքում։

Ես մինչև այսօր հիշում եմ նույն սուրբ աջը, նա մի հսկայական բազուկի մեծություն ուներ, տասն անգամ նրա ծանրությամբ ոսկին՝ այդ սարսափելի քանակություն էր աղքատ ժողովրդի համար։ Բայց նա զոհեց բոլորը, միայն թե իր սրբությունից չզրկվեր, որովհետև նրանից կախված էր իր ներկա և հանդերձյալ կյանքի բախտավորությունը,— իր հոգու և մարմնի փրկությունը....

Ես դեռ չեմ մոռացել, երբ երաշտություն էր լինում կամ մարախ էր գալիս, ժողովուրդը դիմում էր վանահորը, որ «անդաստան» անե։ Վանահայրն առնում էր սուրբ աջը, և խաչերով, խաչվառներով, բոլոր եկեղեցական սպասով դիմում էին դեպի դաշտերը և սուրբ թափորը, ժողովրդի անհուն բազմության հետ, հանդարտ և դանդաղ ընթացքով շրջում էին մշակության դաշտերում, և իրանց արտասուքով, խնկարկությամբ, ողբալի շարականներով աղերսում էին երկնքի հաշտությունը, միջնորդ ունենալով սուրբ աջը, որ ամբոխը տանում էր իր առջևից, որպես Իսրայելը «տապանակ ուխտին»։

Եվ այսպես, վանքերի և եկեղեցիների ամեն մի սրբությունը ուներ իր հրաշագործ հատկությունները։ Մեկը նշանավոր էր որպես դիվահարներին ազատող, մյուսը հռչակված էր որպես անդմալույծները բժշկող, երրորդը՝ որպես ջերմախտի փրկարար և այլն։