Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/385

Այս էջը հաստատված է

իրանք՝ իշխանները։ Օրինակ, լուր էին տարածում, թե հայոց քահանաները մի մահմեդական երեխա գողացել և մկրտել են, կամ գցում էին վանքի գավիթումը մի մահմեդականի սպանված դիակ։ Այս բավական էր գրգռելու մահմեդականների կատաղությունը․ նրանք կամ կողոպտում էին քրիստոնյաների գյուղերը և կամ սպանվածի արյան փոխարեն նշանակում էին մի մեծ տուգանք։ Ժողովուրդը պատրաստի փող չուներ. նա ստիպված էր վեր առնել պարտքով։ Եվ այնպիսի ծանր տոկոսներով վաշխառուն միշտ պատրաստ էր փող տալ, մանավանդ որ նա ստանալու էր խիստ ապահով գրավական,— այսինքն վանքի սրբությունները։ Հրեա կամ մահմեդական վաշխառուն գիտեր, որ իր պարտականը եթե կինը, աղջիկը, տղան գրավ դնե, եթե ժամանակին չկարողանա վճարել, կասե՝ տիրե գրավներիդ, իսկ իր եկեղեցական սրբությունը նա երբեք չի թողնի օտարի ձեռքում։

Երբեմն այսպիսի դժբախտությանց պատճառ դառնում էին վանահայր աբեղաները կամ վիճակավոր առաջնորդները։ Նրանցից շատերը կաշառքներով իրանց կողմն էին գցում քուրդ, թուրք կամ պարսիկ իշխաններին և նրանց օգնությամբ խլում էին միմյանցից վանքեր, տիրում էին թեմերի։ Այսպիսի հափշտակությունները խիստ թանկ էին նստում։ Վանահայրը կամ առաջնորդը գրավ էր դնում վանքի սրբությունները, պարտք էր անում իր խոստացած կաշառքը վճարելու համար։ Բայց ո՞վ էր թափում գրավները։— Դարձյալ ժողովուրդը։

Ես հիշում եմ մի այսպիսի դեպք, որ պատահեց իմ ժամանակում։ Վանա ծովակի կղզիներից մեկում գտնվում էր Աղթամարա անապատը. այնտեղ նստում էին կաթողիկոսներ, որոնց մեկը իր կողմը ձգելով Շատախու, մյուսը Սասնո կիսավայրենի հայ լեռնականներին, անդադար միմյանց ձեռքից խլում էին հայրապետական աթոռը։ Այսպիսով ծագել էր ժողովրդի մեջ երկու կուսակցություններ, և խռովությունը հասավ մինչև արյունահեղության։ Կաթողիկոսներից մեկը տարավ հաղթությունը քուրդ իշխանի օգնությամբ։ Պաշտպանությունը արժեց նրան մի քանի տասնյակ «քիսա» արծաթի, որը նա պարտք առավ, իհարկե, ամենաապահով գրավականով՝ վանքի սրբազան սպասներով։ Հաստատվելով իր աթոռի վրա, նորին վեհափռությունը ուզեց թափել գրավականները, և այս նպատակով պատրաստեց նա նվիրակների մի խումբ, որ գնացին թեմերից ժողովք անելու։ Միաբաններից մի ծերունի աբեղա առաջարկեց, թե նա կարող էր նույնիսկ վանքից