Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/394

Այս էջը հաստատված է

«Վերջին օրերումս Ուշնիի մեջ պատահած անցքը բավականին երաշխավորում է ասորոց կաթողիկոսի դաշնադրությունը մեզ հետ,— շարունակում էր նամակագիրը։— Այնտեղի շեյխը քանդել է տվել մի հին ասորոց վանք, նրա քարերը իր բաղնիքի շինվածքի համար գործ ածելու։ Այդ այն վանքն է, ուր նեստորականները վաղեմի ժամ տնակներից սովորություն ունեին իրանց եպիսկոպոսների մարմինները թաղելու։ Կաթողիկոսը, որպես լսում եմ, բոլորովին կատաղած է այս բարբարոսության պատճառով։ Այսօր նրա սուրհանդակը ինձ մոտ եկավ։ Կաթողիկոսը կանչում է ինձ։ Առավոտյան ճանապարհ կընկնեմ դեպի Ճոլամերիկ։ Հարմար առիթ..․ պետք է օգուտ քաղել դրանից»․․․

Ասորոց կաթողիկոսը նստում էր Ճոլամերկի Կոճանիս կոչված գյուղում, որ սահմանակից էր Հաղբակին։ Ասորոց մի ցեղ, որ կոչվում էր Ջուլո, անհիշելի ժամանակներից, պատսպարվելով Ճոլամերկի լեռների մեջ, պահպանել էր իր անկախությունը, որպես լազգիները Դաղստանում։ Կաթսղիկոսը, որ կոչվում էր Մար֊Շիմոն, էր իր ցեղի քահանայապետը, միևնույն ժամանակ նրա մարմնավոր իշխանը։ Նա ուներ մինչև երեսուն հազար զենք բռնող ադամարդիկ, մի խոսքով, նրա ժողովուրդը բոլորը պատերազմողներ էին։ Կաթողիկոսը ինքը սուր էր կրում։ ճոլամերիկը, զետեղված Կորդվաց լեռների մեջ, մի փոքրիկ, փակյալ Չինաստան էր, որի մուտքը կապված էր օտարների համար։ Այնտեղ բնակվում էին միայն ջուլոներ և հայեր։ Եթե ուրիշ մարդ այնտեղ մտներ, առանց կաթողիկոսից թուղթ ունենալու իր ձեռքում, ամեն պատահող ջուլոն պատրաստ էր նրան սպանելու։ Բոլոր ժողովուրդը անասնապահներ էին. նրանց կյանքի պետքերը դոյանում էին իրանց հոտերից։ Ջուլոներն ամենևին հարաբերություններ չունեին դրսի հետ, նրանք կենտրոնացած էին իրանց երկրի մեջ։ Ջուլոն հայտնի է իր դյուրագրգիռ, բարկացկոտ և հանդուգն բնավորությամր. նա միևնույն ժամանակ քաջ և բարի մարդ է։ Բայց Կարոն ի՞նչ գործ ուներ միանալու այդ վայրենիների հետ. ի՞նչ դաշնադրություն էր, որ նա կապում էր ասորաց պատրիարքի հետ.․․

«Այստեղ (Բարղուղիմեոս առաքելո վանքում) ես ստացա մի քանի նամակներ։ Ն. Կ. Վ. գրում է Վարագա վանքից, թե գործերը այստեղ վատ են. քրդերի մի նոր արշավանք թալանեց Հայոց-Ձորը։ Արտամետ գյուղը իր ընդդիմադրության համար մոխիր դարձավ։ Հրձիգությունը թշնամիների կողմից պատահել է գիշերով։ Ավելի քան հարյուր հոգի — ծերունիներ, երեխաներ, փախչելու կարողություն