Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/432

Այս էջը հաստատված է

քեզ համար շատ շահմունք կլինի. եղից, պանրից, բուրգից իր համար «քալաֆուր» կանե։ Քեզ էլ սուրբ սքանչելագործի մասունքը կտամ, կերթաս Թաբրիզու կողմերը, կպտտես»։ Ես ուրախացա, այն ժամանակ մի քանի հարյուր ղուրուշ պարտք ունեի, մտածեցի, հա՛, աստված ողորմաց, պարտքերս կտամ։ Մեկ էլ միտք արի՝ լա՛վ, իմ երբոր կնիկը մեկ ամսվա ջահել հարս է, հալա իր մեռելի սևի մեջն է, ես ի՞նչպես թողնեմ, որ նա գնա վանքի ոչխարները կթե։ Կասես թե, սատանան ինձ խելքից հանեց, ասեցի՝ ի՞նչ կա, մեր մղդսիների շատերի կնիկներն, հարսները վանքին ծառայություն կանեն, միաբանների համար հաց կթխեն, նրանց շորերը կլվան, կկարկատեն, վանքի պանիրը կմակարդեն, յուղ կհանեն, բուրդը կմտնեն, ի՞նչ գլուխդ ցավեցնեմ — վանքի համար տանտիկնություն կանեն։ Ու այն կնիկների տղամարդիկն ավելի պատիվ ունեն հայր-սուրբերի մոտ. լավ ուտում են, լավ խմում են, լավ հագնում են։ Ինչո՞ւ մղդսի Թորոսը նրանցից պակաս մնա։ Ես Կարապետ հայր-սուրբի հրամանը կատարեցի. իմ եղբոր կնիկը գնաց վանքի ոչխարները կթելու, ես էլ առա սուրբ սքանչելագործի մասունքը, գնացի դեպի Թաբրիզու երկիրը։ Եմ ժողովարարությունը քաշեց ավելի քան կես տարի։ Երբ դարձա տուն, տեսնեմ հարսը չկա։— Ո՞ւր է մեր հարսը, հարցնում եմ իմ կնկանից։ Նա պատմեց, թե՝ «հարսն ամեն օր կգանգատվեր, չէր ուզի վանքը գնալ, հայր սուրբը մարդ կուղարկեր, կտաներ։ Հայր սուրբը կասեր՝ «քեզ մղդսի Թորոսն է տվել, որ վանքի ոչխարները կթես, դու քո խզմաթ պետք է կատարես, մինչև նրա գալը»։ Մեկ օր տեսանք՝ հարսը չկա, արևը մտավ, գիշերն անցավ, նա տուն չեկավ։ Առավոտյան գնացինք սարը պտռեցինք, ձորը պտռեցինք, չկա ու չկա։ Ո՞րտեղ կորավ, աստվա՜ծ: Գնացինք ծովի ափը. այնտեղ տեսանք հարսի մարմինը ծովի դալղաներր գցել էին դուրս․ նա խեղդված էր... Մորեն ոչ այնքան հեռու ընկած էր մի նորածին տղա, որին դաշտի գազանները պատռեր էին»...

Մղդսին ձեռքը տարավ դեպի երեսը, ինձ երևաց, որ նա սրբեց աչքերի արտասուքը, և ապա ձեռքը մեկնեց դեպի բլուրի ստորոտը, ասելով.

— Այստեղ են սալմաստեցի ուխտավորները։

Ես բաժանվեցա, ինձ հետ տանելով նրա պատմության տխուր տպավորությունը․․․