Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/438

Այս էջը հաստատված է

ԼԵ

ՔՈԻՐԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍՐԲԱՐԱՆԻ ՄԵՋ

Աստուծո լույսը բացվեցավ։ Օրը կյուրակի էր։ Առավոտյան մայրս եկավ մեզ մոտ, մենք բոլորս միասին գնացինք վանքը ժամ։ Մեր վրանումը մնաց միայն պառավ Խաթունը, մատաղն եփելու համար։

Ուխտավորների բանակը գտնվում էր իր ջերմեռանդ-բարեպաշտական վրդովմունքի մեջ։ Ամեն տեղ երևում էր շարժողություն, ամեն տեղ եփ էր գալիս բորբոքված հավատքը, իր բոլոր աստվածային կարողությամբ։ Բազմությունը շտապում էր դեպի վանքը պատարագ տեսնելու և սուրբ տիրամոր գերզեմանը համբուրելու։ Այն խառնիճաղանջ ամբոխի մեջ կարելի էր տեսնել ամեն երկրի հայեր, ամենատեսակ գլխարկներով, սկսած օսմանլվի ֆեսից, քրդի ապարոշից, մինչև պարսկի երկայն, մորթե գդակները։ Կանայքը նույնպես զանազանվում էին տեսակ-տեսակ հագուստներով, ամեն երկրի կինը ընդունել էր տիրող ազգի կանանց զգեստի ձևերը։

Հայը միշտ սիրում է նմանել։ Նա չէ պահպանում իր ինքնուրույն, հատկանիշ առանձնությունները։

Ուխտավորների մեջ լեզուները մինչև անգամ բաժանված էին բարբառներով․ մեկի խոսակցությունը մյուսին համարյա անհասկանալի էր։ Ցավալին այն էր, որ շատերը խոսում էին այն ազգի լեզվով, որի լծի տակ ապրում էին, բոլորովին մոռանալով մայրենի խոսքը։ Ինձ երևում էր, իբր թե այն բազմազան ամբոխի մեջ ազգային ամբողջությունը իսպառ քայքայվել էր, և քանդվել էին նրա մեջ միավորիչ հոդերը...

Բայց մի կապ, որ դեռ պահպանվել էր, մի կապ, որ միավորում էր այն խորտակված ամբողջության զանազան կտորտանքը, մի կապ, որին չէր կարողացել խզել բռնակալի սուրը, դա էր կրոնքը և եկեղեցին։

Բայց կարո՞ղ էր պահպանվել այս կապը միշտ անխզելի, իր աստավծային ամուր հաստատության մեջ, երբ նրա հոգատարներն էին՝ Կարապետ հայր սուրբի նման աբեղաներ և տեր Թոդիկի նման քահանաներ...

Եվ այժմ դառն մտածմունքներ պաշարում են ինձ, երբ ծագում է իմ գլխում այդ հարցը…։