Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/456

Այս էջը հաստատված է

— Ո՞րտեղ կորար դու,— հարցրուց նա, երբ տեսավ ինձ։

Ես ոչինչ չպատասխանեցի, և տեսնելով, որ վրանի մեք կանայք քնած են, ներս չմտա, այլ նստեցի դրսում կանաչ խոտերի վրա։ Բայց իմ լռությունը ավելի շարժեց Մարոյի բարկությունը։

— Շատ հարկավոր է,— ասաց նա ինքն իրան խոսելով, — չի էլ ուզում պատասխան տալ, կարծես ինձ համար կարմիր հարս է դարձել, սպասում է, որ ես դրան «բերանբացուկ»[1] պետք է տամ։

Այս խոսքերը մի այնպիսի հեգնական եղանակով արտասանեց Մարոն, որ անկարելի էր չծիծաղել։ Բայց ես մտածեցի ծանր երևացնել ինձ, այս պատճառով երեսս շուռ տվի, որ նա չտեսնե իմ ծիծաղը։

Մարոն նստած էր վրանի դռանը ներսի կողմից, ես նրանից փոքր-ինչ հեռու էի։

— Եթե դու կգաս ինձ մոտ, այն ժամանակ քեզ հետ կխոսեմ,— ասացի ես։

— Շատ հարկավոր չէ,— պատասխանեց նա արհամարհանոք։— Ի՜նչ մեծ տղա է դարձել, պետք է նրա սպասին գնալ, ո՜նց չէ։

Ես նկատեցի, որ Մարոն բարկացած էր իմ վրա, պետք էր գիտենալ պատճառը. դրա համար ես մոտեցա և նստեցի նրա մոտ։

— Դու այսօր շատ ես խոսացել,— ասաց նա այժմ ավելի ծանր կերպով.— լավ է, որ գնաս քնես, գիտեմ, հոգնած կլինես։

— Ի՞նչ գիտես,— հարցրի զարմանալով։

— Ես գիտեմ․․․։ Բայց դու լավ ընկեր չես, Ֆարհատ, ամո՜թ քեզ համար,— փոխեց նա իր խոսքը։ — Քեզ հետ ժամադիր եղող աղջիկը այնքան շտապեց, որ թողեց «Կաթնաղբյուրի» մոտ իր սանդրը, բայց դու այնքան անշնորհք գտնվեցար, որ չկարողացար նկատել։ Ա՛ռ, քեզ եմ տալիս, տար, առավոտյան իրան տո՛ւր, գլուխդ գովի՛ր, ասա՛, ես գտա, թող երեսդ սպիտակի։

Այժմ ես հասկացա, թե ինչու էր Մարոն բարկացել իմ վրա։ Նա տվեց ինձ մի սանդր․ դա Սոնայի սանդրն էր, որ մոռացմամբ թողել էր «Կաթնաղբյուրի» մոտ լողանալու ժամանակ։ Բայց ո՞րտեղից էր ընկել Մարոյի ձեռքը։

  1. Հայաստանում դեռ շատ տեղերում մնացել է այս սովորությունը, որ նորահարսը, աոաջին անգամ փեսայի տունը գնալով, առհասարակ ոչ մեկի հետ չի խոսում, բացի իր ամուսնի փոքրիկ քույրերից և փոքրիկ եղբայրներից։ Նա և իր փեսայի հետ չի խոսի աոաջին գիշերում, մինչև չստանա նրանից մի ընծա․ այս ընծան կոչվում է «բերանբացուկ»։