Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/458

Այս էջը հաստատված է

Մարոյի կատաղության պատճառը հայտնի էր․ բայց նրա վրդովմունքը ինձ ծիծաղելի էր թվում, և ես փորձելու համար հարցրի.

— Տերտերն ինչո՞վ է մեղավոր։

— Դու կարծում ես, ես չլսեցի՞,— պատասխանեց նա․ — ես բոլորը իմանում եմ, թե որպիսի խոր (հոր) է ուղում տերտերը փորել իմ հոր, Կարոյի և նրա ընկերների համար։ Նրանք ի՞նչ են արել, ինչո՞վ են մեղավոր։

Ես աշխատեցի հանգստացնել կատաղած Մարոյին, որից ամեն բան սպասելի էր։

— Չէ՛, Մարո, այդ լավ չէ, ինչ որ դու մտքիդ դրել ես։ Ճշմարիտ է, քո հոր դեմ դավադրություն կա, բայց մենք պետք է խոհեմ լինեիք, մենք պետք է շտապենք շուտով վերադառնալ տուն և բոլորը հայտնել քո հորը։

— Շտապել պետք չէ, նա մի օրից հետո բոլորը կիմանա,— պատասխանեց Մարոն անփույթ կերպով։— Բայց ես իմ ուխտածը պետք է կատարեմ...

— Այդ թող մնա՛, ինչ որ դու ուխտել ես։ Բայց դու ինձ այն ասա՛, թե քո հայրն ո՞րտեղից կարող է իմանալ։

— Ես նրա մոտ մարդ ուղարկեցի։

— Ե՞րբ, ո՞ւմը։

— Մըհեն կես ժամ առաջ այստեղ էր. նա այս կողմով անցնելով, եկել էր սուրբ աստվածածինը համբուրելու։ Նրան ասել էին, թե մենք ևս ուխտավորների թվումն ենք. տեսա՝ ուրախ-ուրախ գալիս է։ Ո՞րտեղից էր գալիս, նա ինձ չասաց, բայց շատ ուրախ էր։ Ես պատմեցի նրան իմ լսածները հորս մասին։ Նա բարկացավ, և էլ չսպասեց, որ գնա սուրբ աստվածածինը համբուրե, իսկույն վեր առավ իր ահագին լախտը և շտապեց հորս մոտ։

— Բայց նա իմանու՞մ էր, հայրդ որտեղ է։

— Իմանում էր։ Ասաց. «էդ ի՞նչ սատանայական բան է, ես մի օրից հետո բոլորը կպատմեմ որսորդին»։ Թեև հայրս այժմ Շատախի մեջն է գտնվում, որ այստեղից մի քանի օրվա ճանապարհով հեռու է, բայց ես գիտեմ, որ Մըհեն քամուց ավելի արագ է գնում, նա էգուց չէ՝ մյուս օրը հորս մոտ կլինի։

Մըհեն չէր ասել Մարոյին, թե ո՛րտեղից է գալիս, բայց ես գիտեի, թե ուր էր գնացել նա և որտեղից էր վերադառնում։ Նա եկել էր իր արյունոտ շրթունքով աստվածածինը համբուրելու...։ Զարմանալի՜ է, կրոնական զգացմունքը գտնվում է և ամենակատաղի