Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/46

Այս էջը հաստատված է

— Չէ՛, չունես, քեզ էլ կտեսնինք։

— Լավ, ինչ նպատակ կա այստեղի աղջիկների հետ պսակվիլ։

— Ինչո՞ւ։

— Նրա համար, որ նրանք ոտքից մինչև գլուխ զուրկ են բուն քաղաքակրթությունից։

— Ո՛չ, Միխայել, այստեղ կան և լավ աղջիկներ։

— Այսինքն նրանք, որ հայերեն խոսելն անգամ չգիտեն։

— Այդ մի մեծ պակասություն չէ՛․ բավական է, որ նրանք ուսում ունեն։

— Հավատացե՛ք, Աննա Կիրիլովնա, այդ ուսյալները գեղեցիկ խնձորների են նմանում, դրսից սիրուն գունով, անուշ հոտով, բայց ներսից ավերված և փտած սրտով…

Մի քանի այդպիսի խոսակցություններից հետո, երիտասարդը հեռացավ, թեև տիկինը շատ ստիպում էր, որ ճաշին իրանց մոտ մնա։

Ե

Նույն ավուր երեկոյան պահուն Բաքոսյանին տեսություն էին եկել մի քանի բարձր ուսում ստացած, մայրաքաղաքի ուսանողներ,— իրավաբան, բժիշկ, բնագետ և պատմաբան։

Բաքոսյանը համբույրներով ընդունեց նրանց որպես յուր հին ընկերներին։ Մի քանի հասարակ զրույցներից հետո խոսակցությունը նրանց մեջ ընդունեց ավելի նշանավոր ձև։

Երբ նրանք սկսան խոսել նույն քաղաքի ուսումնաբանների, լրագրության և կրթյալ երիտասարդության գործունեության մասին․

— Մեր երիտասարդությունը ոչինչ չէ շինում, պարոններ,—ասաց նրանց բարեկամական անկեղծությամբ Բաքոսյանը։

— Ի՞նչ կարող է շինել,— պատասխանեց երիտասարդ պատմաբանը։— Երբ նրանց գործունեության ընթացքը այնքան սահմանափակված է։

— Ծույլերը միշտ իրանց արդարացնելու պատճառներ ունեն,— պատասխանեց Բաքոսյանը ծիծաղելով։

—Քո քթից, եղբայր, դեռ արտասահմանյան քամին չէ դուրս եկել․ մի քանի օր անցնի՝ դու բոլորովին այլապես կխոսես — մեջ մտավ գանգրահեր բնագետը։