Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/475

Այս էջը հաստատված է

առաջ էին տանում պետության կառավարությունը։ Եվ այն ժամանակ Հայաստանը երջանիկ էր...։

Այս ամենը, ինչ որ գործում էր եկեղեցականությունը, բոլորովին ընդդեմ էր նրա կրոնական բնավորությանը։ Բայց մեր եկեղեցականությունը այն ժամանակ մի նշանավոր բացառություն էր կազմում ամբողջ քրիստոնեական աշխարհում.— նա կատարյալ ժողովրդական էր. նա միացնում էր իր մեջ հոգևոր և նյութական կյանքը — իրական աշխարհը և երկինքը։ Իսկ ա՞յժմ...։

Այժմ եկեղեցականը մեզ համար մի մեռած և անպիտանացած տարր է. նորից կյանք տալ նրան, դա շատ ուշ կլիներ. այդ պատճառով մենք ստիպված ենք դիմել ուրիշ միջոցների, որպեսզի մեր ժողովուրդը վերականգնենք, որի մեջ դեռ բոլորովին հանգած չեն կենսական ուժերը։ Այո՛, հանգած չեն, բայց մնացել են նրանց անզոր կայծերը միայն, որոնց պետք է շունչ տալ, բորբոքել, մինչև նրանք բոցավառվեն...։ Իսկ դա լինում է տոկուն և հիմնավոր կրթությամբ, որպեսզի Ժողովուրդն ինքը հասկանա, թե որքան լավ է ազատությունը, որքան հանգիստ և ուրախ է լինում մարդու կյանքը, երբ նա ազատ է...։

Բայց մեր ընկեր Կարոն բոլորովին տարբեր մտածություն ունի. նա բնության հարազատ և ազատ որդին է։ Նա ասում է՝ ազատությունը մարդու ընդաբույս բնազդումներից մեկն է. նա ստեղծված և ծնված է մարդու հետ։ Նա ասում է՝ բնության մեջ ամեն մի առարկա, որոնց մեջ կա կյանքի և աճելության զորություն, պահանջում են ազատ լինել, ազատ զարգանալ։ Եվ եթե մարդը տանում է ստրկության, դա ակամա է. հեռացրու նրանից ճնշող ուժը, կտեսնես, նա ազատ էակ է։ Շատ հարկավոր չէ, ասում է Կարոն, որ մարդը հասկանա թե ի՛նչ բան է ազատությունը, որպեսզի ձգտումն ունենա դեպի նա։ Որպես կարող է մարդը չգիտենալ, թե ինչ նյութ է օդը կամ որպիսի քիմիական տարերքից բաղադրված է նա և կամ ի՛նչ սնունդ է տալիս իր մարմնին,— բավական է, որ նա գիտե, երբ օդ չշնչե, կմեռնի։ Ազատությունը, ասում է նա, մարդու հասարակական կյանքի մթնոլորտն է, որի մեջ զարգանում է նա, կատարելագործվում է և հասնում է իր մարդկային բարձր նշանակությանը։ Որքան ճնշված, որքան սահմանափակված լինի այս մթնոլորտը, այնքան մարդը անզոր, ծույլ և բթամիտ կմնա։ Ազատությունը մարդ սովորում է ազատության մեջ։

Ես մասամբ համաձայն եմ Կարոյի հետ,— առաջ տարավ Ասլանը,