Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/476

Այս էջը հաստատված է

— այո, ազատությանը մարդ ընտելանում է ազատության մեջ: Բայց գլխավոր բանն այն է, թե ի՞նչ միջոցներով պետք է տալ մի ճնշված ժողովրդին ազատություն, երբ որ հազարավոր զորեղ ձեռքեր արգելք են լինում: Եվ ո՞վ պետք է առաջնորդե ժողովրդին դեպի ազատություն։

Մեր դրամատերերն, որպես դու տեսար, սկսած առաջին «ամիրայից» մինչև վերջին «քեռի Պետրոսը» ավազակներ են, ապրում են ժողովրդի արյունով և քրտինքով։ Մեր եկեղեցականները, սկսած պատրիարքից մինչև վերջին Կարապետ հայր սուրբը, նույնպես ավազակներ են: Պատրիարքը իր առաքելական աթոռը գնում է սուլթանի բարձրագույն դռնից կաշառքով. իսկ Կարապետ հայր սուրբն իր վանքի վանահայրությունը գնում է քուրդ իշխանից նույնպես կաշառքով:— Երկուսն էլ պետք է կողոպտեն, կեղեքեն ժողովուրդը, որ կարողանան իրանց բռնապետական դիրքը պահպանել:

Մեզ պակաս է և հասարակական գլխավոր զորությունը, այն է թարմ և նորահաս երիտասարդությունը, դրանք կարող էին դպրոցների, գրականության և լրագրության միջոցով զարթեցնել և նախապատրաստել ժողովրդին: Բայց դժբախտաբար մենք երիտասարդություն չունենք. մենք ունենք Կ. Պոլսում մի քանի տգետ և ամեն կրթությունից զուրկ «զևզեկներ» միայն, որոնք ուրիշ ոչինչ չեն, եթե ո՛չ շաղակրատ տիրացուներ: Էլ ո՞վ է մնում։— Մնում են մի քանի կարոներ, արդարև, ազնիվ և գործող անձինք, բայց մի ձեռքը ծափ կզարկե՞...։

Այսուամենայնիվ, մենք բոլորովին հուսահատ չենք. մենք ունենք մի, թեև անմշակ, բայց մեծ զորություն — ամբոխը,— դա բավական է...։

Քեզ ցույց տված վիճակագրական թվանշաններից հայտնի է, թեև հայ ժողովուրդը Վանա նահանգում թշնամու սրից, սովից, կրակից և բարբարոսական հարստահարություններից այժմ մեծ մասամբ սպառվել է, այսուամենայնիվ 370,640 հոգին դարձյալ մի խոշոր թվանշան է։ Մի այսքան բազմություն դեռ ամփոփ կերպով մնացել է հայրենական հողի վրա: Թողյալ այդ, այս նահանգում կան և ուրիշ ազգություններ, որոնք մեզ վիճակակից են: Հրեաների, ասորիների, բոշաների և եզիդիների դրությունն ավելի վատ է, քան թե հայերինը: Այս թշվառականները նույնպես մարդիկ են և մեզ նման մարդիկ, նրանց էլ պետք է ազատությունը։ Նրանք մեր բարի դրացիներն են և լավ կենակիցներ են, նրանք պատրաստ են մեզ հետ գործելու...։