Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/481

Այս էջը հաստատված է

Նա մոտեցավ ինձ և հազիվ լսելի ձայնով ասաց.

— Ով որ կամենում է մեր ետևից գալ, պետք է թողնե իր մորը, հորը, քույրերին և եղբայրներին: Հասկացա՞ր:

Այնուհետև Ասլանը հայտնեց, թեև ընդունում է ինձ իր հետ Վան տանել, բայց չէ կարող միասին դուրս գալ, այլ կսպասե ինձ առաջին իջևանում, որ այնքան հեռու չէր, և պատվիրեց գնալ ձի նստել և անմիջապես ճանապարհ ընկնել։ Այնուհետև նա խիստ մտերմությամբ գրկեց Մարոյին և ինձ, հետո բաժանվեցանք։ Մենք շտապեցինք դեպի մեր վրանը։

Ճանապարհին Մարոն ինձ ասաց։

— Գնա՛, Ֆարհատ, լավ ես անում, որ գնում ես, Վան քաղաքը կտեսնես, բայց Սոնային չմոռանաս...

Այս խոսքը ինձ կասկածանքի մեջ գցեց, և ես հարցրի, թե ի՞նչ մտքով էր ասում այդ:

— Սոնան սիրում է քեզ, Ֆարհատ, դու էլ նրան խոսք ես տվել... տղամարդը պետք է իր խոսքը կատարե...։

— Այս դու ո՞րտեղից գիտես։

— Ես բոլորը գիտեմ... ես գիտեմ, թե դուք ինչպես եք անցկացրել ձեր օրերը այն ժամանակ, երբ դու աշակերտ էիր նրա հոր տանը... ես ամենը գիտեմ...

Ես բոլորովին շփոթվեցա։

— Ո՞վ ասաց քեզ։

— Սոնան ինքը պատմեց ինձ։ Նա այնպես ցավելով էր պատմում, որ ես չկարողացա իմ արտասուքը պահել։

Ես ոչինչ չպատասխանեցի. նա շարունակեց խոսել.

— Դու գիտե՞ս, Ֆարհատ, Սոնան որքան անբախտ է. նրա մխիթարությունն այժմ դու ես. բայց եթե դու էլ խաբես նրան, նա էլ չի ապրի։

Մարոյի ամեն մի բառը ինձ վրա կայծակի ներգործություն էր ունենում։ Ես չգիտեի ինչ պատասխանեմ. նրա ասածները բոլորը ճշմարիտ էին. ես Սոնային խոսք էի տվել...

— Դու Սոնային խոսք ես տվել,— կրկնեց Մարոն,— լավ չէ, երբ տղամարդն իր խոսքը չէ կատարում...

— Բայց եթե աղջիկը չէ՞ կատարում...

— Նույնպես լավ չէ։

Ես նկատեցի, Մարոյի ձայնը զգալի կերպով դողում էր վերջին պատասխանը արտասանելու միջոցին։

Ես ասեցի։