Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/490

Այս էջը հաստատված է

հիմարի ձեռքը գցեց: Բայց տանուտերն ինձ հանգստացրուց, ասելով.

— Դու քո սիրտը մի՛ դառնացնի, դու օտար տեղում չես, այստեղ քո տունն է, հանգստացի՛ր, բայց երբ կկամենաս գնալ, այն ժամանակ իմ որդիներից մեկը կտանե քեզ այնտեղ, ուր պետք է գնայիր:

— Բայց ես չեմ իմանում, ո՞ւր պետք է գնամ. այն հիմարը պետք է տաներ ինձ,— պատասխանեցի դարձյալ վրդովված կերպով։

— Մենք գիտենք,— ասաց ծերունին հանդարտությամբ։ —Քո ընկերը պատվիրեց. մեզ, որ քեզ հասցնենք Ս.-բեկի վրանները. նրա արոտամարգերը շատ հեռու չեն այստեղից:

— Ո՞վ է U.-բեկը։

— Եզիդիների գլխավորն է։

Ես մի փոքր հանգստացա, մանավանդ, երբ մտաբերեցի, որ Մըհեն նամակ ուներ Ասլանին հասցնելու, դրա համար նա շտապում էր, նա չէր կարող իմ դանդաղ քայլերին համբերել:

Տանուտերի խոսքերից երևաց, որ Մըհեն չէր հայտնել նրան մեր իսկական նպատակը, թե ինչ գործով էինք գնում եզիդիների գլխավորի մոտ և ոչ Ասլանի մասին հիշել էր մի բառ: Նա հնարել էր մի խոշոր սուտ, իբր թե մենք սուրբ տիրամոր ուխտավորներ ենք, այնտեղ գողացել էին մեր ձին, և լսելով, թե ձին եզիդիների ցեղի մեջն է տարվել, այժմ գնում էինք այնտեղ ձին գտնելու։ Մըհեի սուտը մասամբ ճշմարիտ էր, որովհետև նա իմ ձին հանձնեց մի հովվի, որ եզիդիների ցեղին էր պատկանում, և գուցե այնտեղ կգտնեինք, ուր պետք էր մեզ գնալ:

Ծերունի տանուտերը, իր նահապետական բնավորության հարմար, միշտ աշխատում էր մի բանով հյուրասիրել ինձ, որ ես ուտեի, խմեի և ուրախ լինեի։ Դուք, ասում էր նա, անպատված կլինեք իմ վրանը, եթե դժգոհ հեռանաք այստեղից: Բայց ինչ որ աչքի էր զարկում, այն էր, որ նրա հարսները, աղջիկ թոռները, ոչ մեկը չէր թաքչում ինձանից, ոչ մեկը երեսը չէր ծածկում, որպես սովորություն է Պարսկաստանի հայ կնիկների մեջ։ Նրանք բոլորը խոսում էին ինձ հետ, որպես թե ես նրանց վաղեմի բարեկամը լինեի: Եվ նրանց խոսակցությունն այնքան պարզ և անմեղ էր, որ չէր կարելի չհամակրել նրանց:

— Դու քույր ունե՞ս,— հարցնում էր մի հասուն օրիորդ:

— Ունեմ, երկուսը,-պատասխանեցի ես։