Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/505

Այս էջը հաստատված է

Այսպես ես տեսա բեկի որդիներին, որոնք մի փոքրիկ ձիարշավ կատարեցին այն դաշտում։ Նրանք հրավիրեցին ինձ ևս մասնակից լինել, բայց ես հրաժարվեցա, որովհետև բոլորովին անվարժ էի, և ինձ խայտառակել չուզեցի։

Բայց ինձ բոլորովին զարմացրին նրանց ձիերը։ Չափազանց լավ կրթված էին արշավանքի համար: Քուրդն երբեք իր նժույգը չէ տալիս ուրիշին հեծնելու, թեև նա իր եղբայրը լիներ, որովհետև նրանք երկուսը ծանոթ են միմյանց բնավորությանը. մի օտար մարդ կարող էր հակառակ վարված լինել ձիու վարժությանը և վայրենացնել նրան։ Այս պատճառով առած է դարձել քրդերի մեջ ասել, թե «երկու բան չէ կարելի ուրիշին տալ հեծնելու համար, մեկը՝ կինը, մյուսը ձին»։

Մեր որսորդությունը բավականին հաջող անցավ։ Ես թեև ձիարշավի մեջ ցույց տվի իմ կատարյալ անկրթությունը, բայց որսորդության մեջ մի փոքր երեսս պարզացրի։ Քրդերը, սովորած լինելով ավելի նիզակի, ատրճանակի և սրի կռիվներում, հրացան արձակելու և նպատակին դիպցնելու մեջ շատ վարժ չեն լինում։ Ես քանիցս անգամ կարողացա վայր ձգել օդի մեջ թռչող կաքավին, կարողացա գետին գլորել նապաստակին իր փախչելու միջոցին, բայց նրանցից միայն երկուսին հաջողվեցավ այդ անել։

Ասլանը ինձ հետ ժամանակ չորոշեց, թե երբ կվերադառնա, այս պատճառով ես շտապում էի շատ չուշանալ, մտածելով, գուցե նա եկած կլիներ։ Դրա համար մենք վերադարձանք բեկի վրանը, երբ կեսօր էր։ Ասլանը դեռ եկած չէր։

Ես շատ սոված էի, բայց ճաշը ուշ տվեցին, որովհետև մեր որսած թռչուններից և երեներից ևս պետք էր մի բան պատրաստել, բացի դրանից, սպասում էին բեկի և Ասլանի գալուն։

Ես չուզելով անգործ նստել վրանի տակ և ինքնակոչ հյուրի պես սպասել, մինչև ուտելու մի բան տային, դուրս եկա այնտեղից և սկսեցի դիմել դեպի փոքրիկ վտակը, որ հոսում էր հովտի միջով։

Կեսօր էր։ Այս ժամին հովիվները քշում են ոչխարները վրանների մերձակա մակաղատեղիներում, ուր գնում են կնիկները և աղջիկները կաթը կթելու։ Նրանք արդեն իրանց գործը վերջացրել էին, և կաթնով լի սափորները գլխների վրա դրած, վերադառնում էխն ոչխարների հանգրվանից։ Քիչ էր պատահում, որ այդ աղջիկները կամ մանկահասակ կանայք իմ մոտով անցնելիս, որևիցե կատակ կամ սրախոսություն չարձակեին դեպի ինձ։ Նրանք մի բան