Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/506

Այս էջը հաստատված է

էին ասում, և առանց պատասխանին սպասելու, ծիծաղելով անց էին կենում։ Ես հիմարի պես նայում էի նրանց ետևից և լուռ էի մնում։ - վերջապես հանդիպեց նա, որին ես որոնում էի. - Թութին, այսպես էին կոչում այն աղջկան, որ առավոտյան իմ լվացվելու ժամանակ թողեց իմ մտքում մի կասկածավոր կարծիք, այժմ նա դառնում էր ոչխարների հանգրվանից, և որպես իր ընկերուհիքը, կաթնով լիքը սափորր գլխին դրած։ Նրա հետն էր այն մանկահասակ կինը, որից առավոտյան լսեցի աղետալի երգը։ Նրանք տեսնելով ինձ, բաժանվեցան իրանց խմբից և եկան ինձ մոտ:

— Կաթ կխմե՞ս,— եղավ Թութիի առաջին խոսքը։

Թեև ես սովորություն չունեի հում կաթ խմելու, բայց Թութիի խոսքը չկոտրելու համար, ընդունեցի նրա հրավերը։ Նա լեցրուց փոքրիկ փայտյա գավաթը, որ իր հետ ուներ, և ժպտելով տվեց ինձ։

Նրանք նստեցին վտակի ափի մոտ հանգստանալու։ Եվ իրավ, բավական հոգնած էին, որովհետև հեռու տեղից էին գալիս։ Թութին սկսեց վտակի սառը ջրով լվանալ իր բորբոքված երեսը և հետո սրբեց հագուստի դրոշակով։ Նրա ուղեկիցը լուռ էր. ցերեկով ես ավելի պարզ կարողացա նշմարել նրա գեղեցիկ երեսի տխուր գծերը։

Ես ուզեցի զբաղեցնել նրանց։

— Դուք ունեք շատ աղախիններ,— ասեցի ես,— էլ ինչո՞ւ եք ինքներդ այսքան նեղություն քաշում։

— Մենք խո հիվանդ չենք,— պատասխանեց Թութին,— որ հանգիստ պառկենք ու ոչինչ չշինենք։

— Աղախինն էլ ունի իր գործերը, — պատասխանեց մյուսը ավելի խոհեմ կերպով։

— Ընկերիդ որտե՞ղ ես թողել,— հարցրուց Թութին։

Ես իմացա, որ Ասլանի մասին է հարցնում։

— Քո հոր հետ գնացել են, չեմ իմանում որտեղ։

— Նրա սրտում սատանա է նստած, դու գիտե՞ս,— հարցրուց Թութին բարկացած ձայնով։

— Ինչո՞ւ ես այսպես խոսում, խենթ, — զգուշացրեց նրան տիկինը և սկսեց կշտամբել։ — Ասլանը շատ լավ տղա է։

— Բայց ձյունի պես սառն է նա։

— Ինչո՞ւ, նրա՞ համար, որ քեզ հետ սիլի-բիլի (սեթևեթ) չէ անում։

Այս երկուսի վիճելուց ես իսկույն հասկացա Թութիի ատելության