Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/511

Այս էջը հաստատված է

վարագույրը ետ քաշեց և այնտեղից դուրս բերեց մի ահագին շիշ լիքը արաղով. նախ լեցրուց ինքը խմեց, հետո տվեց Ասլանին, և ապա ինձ առաջարկեց, ասելով.

— Ա՛ռ խմիր, ոսկորներդ կպնդացնե, հոգնած ես:

Տեսնելով ահագին բաժակը, ես սարսափեցա:

— Արաղ խմելու սովորություն չունեմ,— ասեցի:

— Ինչո՞ւ, տիրացու,— հարցրեց նա, իր սոսկալի աչքերով ուղիղ իմ երեսին նայելով։

— Տիրացու չէ,— պատասխանեց Ասլանը:

— Բայց շատ նման է,— ասաց նա հեգնական ձայնով։

— Մենք նրան տիրացությունից ազատեցինք,— պատասխանեց Ասլանը խորհրդական ձայնով։

— Այդ լավ է...— խոսեց նա և մոտեցավ մի ուրիշ պատուհանի։

— Ես կտամ քեզ «կարմիր հարսի արաղ»,— ասաց նա և դուրս բերեց վարագույրի ետևից մի ուրիշ շիշ, լցրած դեղնագույն ըմպելիքով։

Ես նրանից խմեցի, որովհետև բավականին քաղցր էր և ախորժելի։ Հետո տերտերը մոտեցավ լուսամատին և ձայն տվեց։

— Տիրոխնի, սատանան քեզ տանի, որտե՞ղ ես կորի։

Իսկույն հայտնվեցավ մի կարճլիկ հասակով կին, և սկսեց Ասլանի հետ բարովել։ Դա տերտերակինն էր, բավականին համակրական մի կին։

— Գնա՛, այդ նոր հյուրի երեսն էլ պաչիր, քոռացած,— ասաց «գիժը» իր կնոջը։

Նա գրկեց ինձ և սկսեց երեսս համբուրել։

— Դե՛, հիմա գնա ինչ «հոգու բաժին» որ ունես, բոլորը բեր. դրանք քաղցած են։

Երեցկինը մի թեթև ժպիտ գործեց փոքրիկ երեսի վրա և դուրս վազեց։ Երևում էր, նա շատ, ուրախ էր իր հյուրերով, և գնաց մեզ համար նախաճաշիկ պատրաստելու։

«Գիժը» փոքր առ փոքր սկսեց ինձ դուր գալ. նրա առաջին ժանտությունը, որ ինձ վրա վատ տպավորություն գործեց, կարծես թե անցավ, և նա երևում էր ինձ մի մարդ չափազանց պարզ և բարեմիտ։

Ասլանը հարցրուց տերտերից, թե ո՞րտեղ են պահված իր «իրեղենները»։ Նա ցույց տվեց մի ուրիշ սենյակ, և Ասլանը առանց առաջնորդի մտավ այնտեղ։ Ես մնացի տեր հոր հետ մենակ։