Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/514

Այս էջը հաստատված է

մեծի պատիվը չես հասկանում»։ Նա ականջ է դնում նրա խրատին և գնում է մյուս աշխարհը․․․։ Մի ուրիշ սովորություն էլ ունի նա, որից երևում է, որ նա շատ բարեսիրտ է։ Երբ քրդի ավազակները հայոց գյուղորայքը թալանում են, և դժբախտաբար բռնվում են, նա քրիստոնեական մարդասիրությամբ գնում է փաշայի մոտ և ավազակներին ազատում է, դրա համար քրդերը նրան «հայր» են կոչում․․․։ Մի ուրիշ լավ կանոն էլ ունի նա, երբ մեկին կամենում է խրատել, նրանից փող է առնում, «ոչինչ պատիժ, ասում է նա, այնպես չի ցավեցնի ադամորդուն, որպես փողը, որովհետև շատ է սիրում»։

— Բայց ի՞նչպես մինչև այսօր նույն խրատներից զուրկ մնացիք դուք,— հարցրուց Ասլանը վրդովված ձայնով։

— «Գիժը գժին երբ որ կտեսնի, իր մահակը կթաքցնին,— ասաց նա թուրքի առածով։—Թեև նա ավազակ է, բայց ես էլ շատ բարի պտուղ չեմ․․․

— Լավ, դու այն ասա՛, ի՞նչ աչքով են նայում քաղաքի իշխաններն այդ ավազակի այս տեսակ առաքինությունների վրա,— հարցրուց Ասլանը։

— Նրանք անշնորհակալ մարդիկ չեն, ընդհակառակն, շատ երախտագետ են,— պատասխանեց տերտերը առաջվա ծանր կերպով։— Նրանք իրանց պարտքը լավ ճանաչում են, և ամեն ամիս ժողովրդի կողմից շնորհակալության վկայականներ են ուղարկում Պոլիս և նրան մեծ մարդկերանց հետ են համեմատում։ Բայց պետք է ճշմարիտն ասած, նա էլ չէ մոռանում իր պարատ որսերից երբեմն նրանց բերանը փոքրիկ պատառներ գցել․․․

— Փաշայի հետ ինչպե՞ս է նա։

— Որպես եղ ու մեղր, այնքան քաղցր են։

— Դա նույն փաշա՞ն է, որ մի անգամ հայոց եկեղեցու սեղանի վրա բոշա տղաներ էր պար ածել տվել և գինի էր խմել։

— Հենց նույնը։ Նա էլ հենց փաշայից սովորեցավ բոշաների պար ածելը։

Բոլոր այս խոսքերը, ինչ որ ասում էր տերտերր, թեև ինձ շատ հասկանալի չէին, բայց որպես նկատում էի, խայթոցի նման ծակում էին Ասլանի սիրտը։ Նրա պարզ դեմքը հետզհետե մթնում էր և նրա ձայնը զայրացած եղանակ էր ստանում։

— Ինձ բոլորովին անհավատալի է թվում,— ասաց նա,— Վանա ժողովուրդը իր նահապետական պարզամտության մեջ չէր կարող համբերել այս աստիճան չարագործութունների։ Այդ նշանավոր