Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/53

Այս էջը հաստատված է

ահագին հարստություն։ Նատոն ավարտելով յուր ուսումը նույն քաղաքի իգական սեռի բարձր դպրոցում՝ յուր մոր հետ, որպես ռամկորեն ասում են, «եղի ու մեղրի մեջ էր ապրում»։ Վեչեր, բալ, թատրոն, կրումոկ, պիկնիկ էին առօրյա պիտույքները այդ բախտավոր գերդաստանի։

Փառավոր դահլիճը վառվում էր ամենայն շքեղությամբ։ Մի տեղ երկայն սեղանի բոլորտիքը շարված՝ կանայք, աղջկերք և տղամարդիկ լոտո էին խաղում։

Դահլիճին կից փոքրիկ սենյակներում տղամարդիկը, խումբ-խումբ առանձնացած՝ թուղթ էին խաղում։ Մի անկյունում գեղեցիկ Նատոն յուր փափուկ մատները վազեցնում էր պիանոյի լեզվակների վրա և հիացնում էր լսողներին։

Իսկ հաստլիկ, մախմուրի և մետաքսի մեջ պատած տանտիկինը անդադար այս և այն կողմ էր վազում, հյուրեր էր ընդունում, մինի հետ քաղցրախոսում էր, մյուսի հետ ծիծաղում և շատերին յուր Նատոյի ուսումը և գիտությունն էր պատմում։

Դահլիճի մի այլ անկյունում մի քանի օրիորդներ առանձնացած՝ այսպես խոսում էին միմյանց հետ.

— Դու հավաստի գիտե՞ս, Անիչկա, որ նա անպատճառ կլինի այս գիշեր,— հարցրեց ռուսաց լեզվով սևաչյա Սոֆիոն յուր մոտ նստած շիկահեր օրիորդից։

— Գիտեմ, ինձ Նատոն ասաց, թե մայրս նրան ևս հրավիրած է,— պատասխանեց նույն լեզվով Անիչկան, ավելացնելով.— Ա՜խ, որպիսի հրաշալի տղամարդ է նա, Սոֆի...։

— Չլինի՞ սիրահարված ես, Անիչկա,— ծիծաղելով հարցրեց նրանց մոտ նստած սևուկ օրիորդը՝ Բարսամենց Օլգան։

— Չէ՛, Օլգա, ինձ միայն դուր է գալիս նրա այնպես ճաշակով հագնվիլը, շնորհաշուք վարմունքը և գեղեցիկ խոսակցությունը։

— Դու ո՞րտեղ ես տեսել նրան,— հարցրեց Սոֆիան։

— Քանի օր առաջ նա իշխան Փառասիրյանցի բալումն էր, աղջկերքը խելքից էլած էին նրա համար, թեև ոչ ոքի հետ չէր պար գալիս։

— Է՜հ, նա բոլորովին տարապայման մի մարդ է,— մեջ մտավ սևուկը։

— Ի՞նչ հաճություն նրանից... չես գիտում ի՛նչ լեզվով խոսես նրա հետ. ինքը կոտրատում է միշտ հայերեն, և ով որ այդ