Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/55

Այս էջը հաստատված է

սկսավ նրա հետ անցուդարձ անել դահլիճի մեջ։ Երիտասարդը, մի կողմնակի հայացք ձգելով խաղացողների վրա. «Ահա մեր քաղաքացոց բոլոր զվարճությունը», ասաց յուր մտքում:

Նրանք անցնելով դահլիճը, մտան մի փոքրիկ սենյակ, ուր հրավիրեց երիտասարդին օրիորդը, որտեղ կային մի քանի պատվավոր հյուրեր և զբաղված էին նույնպես թղթախաղով։

Բաքոսյանը նստեց աթոռի վրա և հեռվից նայում էր խաղացողների խումբին։

— Դուք ի՞նչ խաղ եք խաղում,— դարձավ Նատոն դեպի երիտասարդը ֆրանսերեն լեզվով։

— Ես դժբախտաբար ընդունակ չեմ եղել որևիցե խաղ սովորելու,— հեգնորեն պատասխանեց Բաքոսյանը։

— Ապա ինչո՞վ պարապեցնեմ ձեզ։

— Միթե դուք բավական չե՞ք, եթե այնքան բտրի կլինեք զբաղեցնել ձեր հյուրին։

Օրիորդը կարմրեց և նստեց երիտասարդի մոտ։ Նրանք սկսեցին խոսել արտասահմանի մասին։ Բաքոսյանը պատմեց նրան շատ բաներ, թե ո՛րպես են ուսանում Շվեյցարիայում աղջիկները, թե ո՛րպես կրթված են Պոլսում և Զմյուռնիայում հայ օրիորդները։ Այս զրույցները վերջացնելուց հետո Նատոն հարցրեց.

— Ասացե՛ք խնդրեմ, ի՞նչ ներգործություն է անում ձեզ վրա մեր քաղաքը և այստեղի կյանքը։

— Ներգործությունները ինձ վրա համարյա միևնույն տխուր ազդեցությունն ունեն, թե այստեղ և թե արտասահմանում,— պատասխանեց Բաքոսյանը...

— Մենք ինչո՞վ ենք մեղավոր, որ մեզ չսովորացրին մեր լեզուն,— պատասխանեց Նատոն զգալի կերպով։— Ընտանիքի մեջ մեր ծնողները արգելում էին խոսել, «Հայերենը մոդա չէ», ասում էին...

— Այո՛, այդպես են վարվում իրանց զավակների հետ այստեղ ծնողները...— վերջացրեց Բաքոսյանը, և տխրության ամպը պատեց նրա դեմքը։ Օրիորդը, նկատելով, որ յուր խոսքերը երիտասարդի վրա վատ տպավորություն ունեցան՝ փոխեց խոսքը, հարցնելով.

— Ինչո՞վ եք պարապում դուք այժմ։

— Իմ պարապմունքներն այնքան չնչին են, որ պետք է ասել, թե ոչնչով,— պատասխանեց երիտասարդը։