Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/63

Այս էջը հաստատված է

— Դուք, պարոններ, ժողովրդից արհամարհված մարդիկդ, դուք շատ բաներ կարող եք շինել, որովհետև ձեր մեջ ուժ կա, ձեր մեջ կյանք կա, ձեր մեջ պահպանվել է ժողովրդական տարրը։

Ժողովքը ուշադրությամբ լսում էր։

— Ես միտք ունեմ,— առաջ տարավ Բաքոսյանը,— կազմել մի խմբագրություն մի նոր պարբերական թերթ հրատարակելու, որովհետև տեղույս հրատարակված լրագիրների ուղղությունը ես բոլորովին վնասակար եմ համարում։

— Ի՞նչ անուն պիտի տաք այդ լրագրին,— հարցրին մի քանիսը։

— Նրա անունը կլինի «Գռեհիկ»: Այդպիսի կոչումը համապատասխանում է այն նպատակին, որին պիտի ծառայե այդ թերթը, այսինքն բարվոքել գռեհիկ դասի, ավելի լավ է ասել, մշակ դասի դրությունը։

— Այդ շատ հիանալի միտք է,— ձայն տվին բոլորը։— Մշակ դասը մեզանում սարսափելի ճնշման ներքո է։

— Ես արդեն քանի շաբաթ է սկսել եմ քաղաքիս մշակներին դասախոսություններ անել, փիլիսոփայական հայացքով, որպեսզի նրանց մեջ նախ և առաջ կարողանամ մտցնել անհատականության սկզբունքները, որ նրանք ունենան ինքնաճանաչություն իրանց իրավունքների և պարտավորությունների։

— Այդ անպատճառ հարկավոր է։ Միայն պետք են և գործնական միջոցներ նրանց նյութականը ապահովելու,— ասաց մինը։

— Ես բոլորովին համաձայն եմ ձեզ հետ,— պատասխանեց Բաքոսյանը։— Ես արդեն նրանց ուսուցանում եմ կանոնները մի «ինքնօգնության փոխատու ընկերության»:

— Բացատրեցե՛ք, խնդրենք, այդ ընկերության նպատակը։

— Նրա նպատակն այն է, որ մշակների խմբից կազմված ըեկերության ամեն մի անդամը յուր աշխատանքի մի որոշյալ մասը կմտցնե ընկերության կասսան։ Այնտեղ մի նշանավոր դրամագլուխ հավաքվելուց հետո ընկերությունը կստանա վարձ։ Այնուհետև մշակները, ճանապարհների, տների և այլ հիմնարկության համար փոխանակ կապալառուներին օրական վարձով գործավոր դառնալու, իրենք կարող կլինեին վեր առնել այդպիսի կապալներ, այլևս ստիպված չեն լինի մի հաստափոր կապալառվի ստրուկ դառնալ։ Բացի դրանից, նրանք կարող կլինեն հիմնել փոքրիկ գործարաններ, նայելով, թե ո՛րքան զորություն կստանա նրանց