Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/66

Այս էջը հաստատված է

— Չեն տալ, էդ ուրիշ բան է, միայն ես գիտեմ, որ նրանք միմյանց սիրում են։

— Դու ի՞նչ ես միշտ էդ սերը մեջտեղ քցում. դու ինձ խոսք տուր՝ ես հենց էսօր բանը գլուխ բերեմ։

— Ես չեմ կարող ուրիշների անբախտությանը պատճառ դառնալ։

— Ուրեմն չե՞ս ուզում։

— Ո՛չ։

— Ես երկար խոսել չեմ սիրում, Միշա, քեզ ասում եմ, թե իմ խոսքը չկատարես, էլ իմ որդին չես, ես կզրկեմ քեզ իմ ժառանգությունից։

— Հայր իմ,— ասաց երիտասարդը մեղմ ձայնով,— դուք օրենքով չեք կարող զրկել ինձ իմ պապական ժառանգությունից, որովհետև այն ձեզ չէ՛ պատկանում։ Այսուամենայնիվ ես թողնում եմ ձեզ բոլորը։ Միայն կասեմ, որ ես երբեք չեմ կարող ընդունել այնպիսի առաջարկություններ ձեր կողմից, որ ընդդեմ են խղճի, պատվի և ազնվության։

— Ուրեմն դու է՛լ իմ որդին չե՛ս,— գոռաց Արտեմ Պավլիչը դժոխային բարկությամբ։

— Մնաք բարյավ, հայր իմ, ես չեմ կարող ձեր հետ գործ ունենալ, երբ դուք կամենում եք խեղդել իմ մեջ ամեն մի սուրբ զգացմունք․․․

ԺԵ

Հունվար ամիսն էր։

Գիշերային խավարը վաղուց արդեն տիրել էր աշխարհին։ Կատաղի մրրիկը ֆշֆշալով այս և այն կողմ էր ցրվում մանրիկ ձյունի հոսանքը։

Քաղաքի մի խուլ անկյունում, փոքրիկ և խոնավ սենյակի մեջ, աղոտ լույսով վառվում էր մի ճրագ։

Հասարակ աթոռի վրա, գրասեղանի հանդեպ, որոնք կացուցանում էին բոլոր զարդարանքը այդ աղքատիկ բնակարանի՝ նստած էր մի երիտասարդ։

Նա գրում էր։

Տետրակի ճակատին, որ դրած էր նրա առջև՝ կարելի էր կարդալ այս վերնագիրը․ «Կանոններ մշակների ինքնօգնության փոխատու ընկերության»: