Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/72

Այս էջը հաստատված է

Նասիրովենց Նատոյին նշնենք». ամեն օր աղջկա մայրը էլչի է ուղարկում ասում է, Նատոյին ես բացի Միխայելից ուրիշ տղի չպիտի տամ։ Դե՛, որդի, մի այդպիսի աղջիկ, որ մեր քաղքում չկա, քեզ համար ուզում են, էլ ի՞նչ ես սպասում, գնա՛, պսակվի՛ր էլի։

— Ամուսնությունը, տեր-հայր, մի այնպիսի սուրբ բան է, որի մեջ ծնողաց միջամտությունը տեղիք չունի։ Ծնողների բռնաբարությունը այդպիսի հանգամանքներում միայն ավելացնում է անբախտ ամուսինների թիվը։

Քահանան նկատելով Բաքոսյանի երկաթի հաստատամտությունը՝ տխուր հուսահատությամբ թողեց հեռացավ, ափսոսելով յուր մի քանի հարյուր մանեթի կորուստը, որ կարող էր նա ստանալ երիտասարդի պսակվելուց։

ԺԸ

Քաղաքի գլխավոր վարչությունը հրաման չտվավ Բաքոսյանին յուր ցանկացած լրագիրը հրատարակելու։ Նրա մշակներին կարդացած դասախոսությունները արգելվեցան։ Նրա ժողովների վրա սկսան կասկածանքով նայել։

Մի կողմից այդ անհաջողությունները, մյուս կողմից կյանքի և ապրուստի անհարմարությունները մինչ այն աստիճան տանջում էին նրան, որ նրա մարմնական ուժը սկսել էր սպառվել։

Նա նույն ժամանակ ապրում էր մի փոքրիկ գումարով, որ ստանում էր մի տպարանի կառավարելուց, և այն արծաթով, որ վճարում էին նրան արտասահմանում զանազան եվրոպական լրագիրներին ուղարկած հողվածների համար։

Բայց երիտասարդի կրծքի մեջ վաղուց արդեն բույն դրած չարագուշակ հազը, նրա կյանքի վերջին հանգամանքներից ավելի սաստկանալով, ձգեց նրան ծանր հիվանդության մեջ։

Ծնողները ոչինչ չէին լսել նրա հիվանդության մասին։ Գեղեցիկ Մանիշակը միայն, որի անմեղ և քնքուշ սրտի մեջ այնպես սրբությամբ թաքնված էր երիտասարդի սերը՝ միայնակ հոգս էր տանում նրա առողջությանը։

Տխուր դեմքով նստած էր օրիորդը հիվանդի անկողնի մոտ և արտասուքի մարգարիտները գլորվում էին նրա նույն րոպեին գունատված դեմքի վրա։

Հիվանդը վառվում էր տաքության մեջ։ Նրա տենդային