Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/80

Այս էջը հաստատված է

այն ծերուհի ամալը, որին գտավ նա նավահանգստում։ Ոսկանը հին համալ էր, նա յուր մազերը ճերմակացրել էր այդ գործի մեջ։ Յուր հայրենակցի համար մտածեց նա մի այնպիսի պարապմունք, որ շատ հարմար էր թե նրա մանուկ հասակին և թե անվարժ կազմվածքին։ Օհանը չէր կարող մեծ ծանրություններ կրել, բայց թեթև բեռներ տանել կարող էր նա։

Մի առավոտ բարեսիրտ ծերուհին յուր ձեռքով կապեց Օհանի մեջքին մի կթոց և օրհնելով ճանապարհ դրեց։

— Հիմա գնա՛,— ասաց նրան փորձված մարդու վստահությամբ,— դրանից հետո հացը քեզ պակաս չի լինի...

Այդ օրից շատ չէր անցել։ Մի անգամ Ղալաթիայի փողոցներից մեկի միջով՝ ծանր ու դանդաղ քայլերով գնում էր Օհանը։ Նրա մեջքին կապած էր յուր անբաժան կթոցը. նա յուր արհեստին հատուկ ձայնով եղանակում էր.

«Չո՛փ չըկարայըմ…

«Չո՛փ չըկարայըմ…

Այսինքն՝ «ա՛ղբ կը դեն ածեմ, ա՛ղբ կը դեն ածեմ»։

Նա այժմ «չոփ չի» էր — աղբ դուրս ածող էր։

Այդպես երկար գնում էր նա և տխուր, ձգական ձայնով եղանակում էր «չոփչիների» սովորական երգը։ Յուր կրակոտ աչքերը, որ այժմ բավական նսեմացել էին, անդադար դարձնում էր նա դեպի փողոցի աջ և ձախ կողմերը, խորին անձկությամբ սպասելով, գուցե փակված դռներից մեկը կբացվեր և նրան կկանչեին։ Նա դնում էր և միևնույն ժամանակ հավաքում էր գետնի վրա ընկած փալասի կտորտանքներ, շորի պատառներ և թաքցնում էր յուր լայն ծոցերում։

— Է՛յ չոփչի, է՛յ, չոփշի,- դռներից մեկը բացվեցավ և լսելի եղավ մի ձայն։

Օհանն ուրախությամբ դիմեց դեպի կոչող ձայնը։

— Անիծվի՜ մեր չոփչին, ամեն օր խմում է, հարբում է, շաբաթներով երեսը չենք տեսնում, աղբն ամբարված մնում է։

Խոսողը մի չափահաս կին էր, որ ներս տարավ Օհանին մի փոքրիկ բակ։

Այդ ոտքից ցգլուխ սև հագնված կինը կարծես գթության մայր լիներ։ Այնքան մեղմ էր նրա դեմքը, այնքան հեզություն կար նրա աչքերի մեջ, որ թվում էր, թե կուսաստանից հենց նոր է դուրս եկել։ Նրա կերպարանքի բարեպաշտական արտահայտությունը լրացնում էր՝ պարանոցին կապած սև սաթի փոքրիկ խաչը, որի