Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/81

Այս էջը հաստատված է

վերևի մասը երևում էր շապկի տակից։ Նա մի աոանձին ցավակցությամբ նայեց Օհանի վրա և ինքն իրան ասաց․ «Խե՜ղճ տղա, այդ հասակում, այդպես գեղեցիկ և՛ չոփչի՜...»:

Օհանը լսեց այդ խոսքերը և դառնացած կերպով պատասխանեց.

— Ի՜նչ անեմ, տիկին, պարտքերի տակ խեղդված մայր, քույրեր, եղբայր ունեմ... ինձ ուղարկեցին, որ փարա վաստակեմ և նրանց անօրենի ձեռքից ազատեմ...

— Ուրեմն նո՞ր ես եկել։

— Մի տարի հազիվ կլինի։

Տիկինը հետաքրքրվելով Օհանի վիճակով, մանրամասնաբար հարցրեց նրա անունը, հայրենիքը, և թե ո՛րտեղ է բնակվում այժմ, ո՛ւմ մոտ է լինում և վերջն ասաց նրան.

— Այսուհետև դու կլինես մեր չոփչին, որդի, ես, քո խղճության համար, սովորական վարձից մի բան էլ ավելի կտամ քեզ։ Երբեմն իմ ամուսնու հին հագուստներից ևս կտամ, որ հագնես։

Օհանի ուրախությունը սահման չուներ. նա շնորհակալություն հայտնեց և սկսեց աղբն ածել կթոցի մեջ։ Տիկինը չհեռացավ Օհանի մոտից, մի առանձին կարեկցությամբ նայում էր, թե ինչպես նա յուր շնորհալի ձեռքով, որ ավելի մաքուր գործի արժան էին, վեր էր առնում ապականությունը և խնամքով ածում էր կթոցի մեջ։ Երբ վերջացրեց, ուղտի նման չոքեց գետնի վրա, մեջքը դեմ տվեց և բռնելով կթոցի թոկերից, քաջի նման վեր բարձրացավ։

— Ո՞րտեղ պետք է տանես,— հարցրեց տիկինը։

— Ծովը,— պատասխանեց Օհանը.— հիմա արգելված է ուրիշ տեղ ածել:

— Այդ շատ հեռու կլինի,— ասաց տիկինը, տալով նրան մի ղուրուշ։

Օհանին զարմացրեց տիկնոջ առատաձեռնությունը։ Նա միշտ յուր տարած աղբը ծովն էր ածում, բայց նրան երկու կամ երեք փարայից ավել չէին տալիս։ Այժմ ստացավ մի ամբողջ ղուրուշ, որ կանե քսան փարա[1]։

Եթե համեստությունը չսզպեր Օհանին, նա մեծ գոհունակությամբ կհամբուրեր յուր բարերարուհու ձեռքը, մանավանդ երբ նա մի ղուրուշ տալուց հետո ասաց Օհանին.

— Այդ կտանես, որդի, բայց երեկոյան պահուն, երբ կմթնի,

  1. Մեկ ղուրուշը մոտավորապես 6 կոպեկ է։