Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/88

Այս էջը հաստատված է

մրթմրթաց նա և, երեսը խաչակնքելով, օձիքը թափ տվեց և յուր թերմաշ հագուստի մի մասը թողնելով Օհանի ձեռքում, ինքը փախավ, անհայտացավ երեկոյան խավարի մեջ։

Օհանը մնաց բոլորովին շվարած, վերին աստիճան կատաղության մեջ։ Նա հարյուր անգամ ձեռքը տարավ դեպի ծոցը, բայց քսակն այնտեղ չէր։ Նրա հուսահատությունը չափ չուներ. նա կորցրել էր յուր ամբողջ գանձը, յուր ամբողջ հարստությունը։ Հարյուր ղուրուշի չափ փարա կար այն քսակի մեջ։ Այդ յուր մի տարվա վաստակն էր, որի համար այնքան քրտինք էր թափել, այնքան տանջվել էր։ Բոլորը միանգամից կորավ։ Ի՞նչ աներ խեղճը։ Գժվածի նման սկսեց այս կողմ և այն կողմ ընկնել, որոնել գողին։ Այդ միջոցին նրա ոտքը դիպավ փախստական չոփչիի կթոցին, որ ժամանակ չունեցավ յուր հետ տանելու։ Յուր բոլոր բարկությունը թափեց այդ անմեղ առարկայի վրա։ Ձգեց նրան յուր ոտների տակ և ջարդուփշուր արավ։

Նա փոքր-ինչ հանգստացավ։ Օհանի նման մարդիկ շատ անգամ ամեն ահասարակ առիթներ են գտնում իրանց մխիթարելու։ Նա յուր վրեժն առավ յուր գողի կթոցից։ Այդ կթոցից եզրակացրեց, որ յուր գողը պետք է չոփչի լիներ։ Իսկ չոփչիին յուր կթոցից զրկելը՝ մեծ հարված էր նրա համար։ Բացի դրանից, նրա ձախ աչքի վերնակոպը քանի օր էր, որ խաղում էր։ Օհանը միշտ սպասում է մի ձախողակի դեպք և ահա կատարվեցավ։

Օհանը հաշտվեցավ նախախնամության տնօրենության հետ։

Նա կրկին հիշեց տիկնոջ խոստմունքը։

«Այդ երկու ղուրուշը գոնե չկորցնեմ»․․․— մտածեց նա և շտապով հեռացավ ծովեզերքից։

Դ

Տիկինը կարծես դռան հետևում սպասում էր Օհանին. հենց մրճի առաջին զարկին՝ նա պատասխանեց․

— Եկա՞ր, զավակս...

Դուռը բացվեցավ, Օհանը ներս մտավ։

Տիկինը պատվիրեց նրան՝ բակում սպասել, մինչև ինքը կըբերեր հանձնելիք առարկան։ Նա վազեց, մտավ մի սենյակ, որի պատուհաններից ամենևին լույս չէր երևում։ Առհասարակ ամբողջ տան մեջ ճրագի նշույլ անգամ չկար, չնայելով որ արդեն գիշեր