Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/97

Այս էջը հաստատված է

երրորդ եղբայրը լինի։ Դու պետք է պահես այդ տղային։ Քո հոգու համար ևս վարձք է։

Պառավը փոքր-ինչ մոլեռանդ էր։

— Ո՞վ գիտե,— հարցրեց նա,— կարելի է թուրքի կամ ջհուդի տղա լինի։

Օհանը փարատեց նրա կասկածանքը, ասելով թե հանձնող տիկինը պարանոցին խաչ ուներ կրած։

— Թո՛ղ այն խաչը նրան կուրացնի՛,— բացականչեց պառավը յուր երեսը ևս խաչակնքելով։— Նրա սիրտը քա՞ր էր, ի՞նչ էր, որ այդպիսի բան արեց։ Ես այդ տղային իմ աչքի լույսի պես կպահեմ։ Մի այծ կառնեմ և նրա կաթովը կկերակրեմ։ Քո փողը թող քեզ մնա, Օհան, դու աղքատ տղա ես և աղքատ մայր ունես։ Բայց ես պառավել եմ, ոչ ոք չունեմ, մեկ ոտս այս աշխարհումն է դրած, մյուս ոտս՝ գերեզմանի դռանը։ Կպահեմ դրան, թո՛ղ իմ հոգուն էլ վարձք լինի...

Պառավը միայնակ չէր յուր խրճիթում։ Մեկը, փոքր-ինչ հեռու, վերմակի տակից հառաչում էր։ Վերմակը, որ այնքան փոքր էլ չէր, ծածկում էր նրա գլուխը, մեջքը, մինչև ծնկները։ Երկար ոտները ձգված էին մինչև խրճթի դուռը։ Այդ ոտներից մեկը նա երբեմն հոգոց հանելով քաշում էր, երբեմն մեկնում էր։ Երեք օր առաջ այդ ոտքը կոտրեց նա խաներից (պանդոկ) մեկի սանդուղքներից մի ծանր հակ բարձրացնելու ժամանակ։

Պառավը, որի պահպանությանը հանձնեց Օհանը յուր բերած մանուկին, նույնպես մշեցի էր։ Բոլոր մշեցի պանդուխտները նրան «մարե» էին կոչում։ Եվ իրավ, այդ բարեսիրտ կինը մի տեսակ մայր էր, պանդուխտների համար։ Տասն տարուց ավելի կլիներ, որ նա ապրում էր Կ. Պոլսում, և նրա խրճթի դուռը ամեն մշեցու առջև բաց էր։ Կարիքը, «փարայի» պահանջը, կառավարության հարկը և պարտատիրոջ պարտքերը վերջին ժամանակներում ձգեցին սուլթանի մայրաքաղաքում, ի թիվս բազմաթիվ մշեցի պանդուխտների, և՛ մշեցի կանանցը։ Դրանցից մեկն էր «մարեն»։ Նա լվանում էր յուր հայրենակից մշակների լվացքը, կարում էր, կարկատում էր նրանց հագուստները և խնամք էր տանում հիվանդներին։

Օհանը երկար չմնաց պառավի մոտ, երբ ամեն պայման վերջացրեց նրա հետ, կրկին դիմեց դեպի սև խաչ կրող տիկնոջ բնակարանը։