Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/100

Այս էջը հաստատված է

բռնում էր Բերզեն-Օղլու նավակը, Նա ցույց տվեց իր նավակը, ասելով.

— Այդ այն արհեստավորի գործն է, որ այժմ բանում է իմ տանը։ Նա ընդունակ է մինչև անգամ թեթև առագաստավոր նավեր կառուցանելու։ Այդ արհեստով նա երկար ժամանակ աշխատել է Կ. Պոլսի նավահանգիստներում։— Սաստիկ դյուրաշարժ է այդ նավակը. նրան կարելի է կառավարել ինչպես մի լավ վարժված նժույգ ձի։

Բերզեն-Օղլին մնաց նավահանգստում, իսկ մենք վերադարձանք գյուղը։ Ասլանը վարպետ Փանոսի հետ գնացին մի քանի հիվանդներ տեսնելու (գոնե այդպես ասացին ինձ), բայց ես գնացի մեր հյուրընկալի տունը։

Չգիտեի ինչպես անցկացնել ժամանակը։ Նավաստիի տունը դարձյալ դատարկ էր, դարձյալ ոչ ոք չէր երևում։ Բակում տիրում էր ընդհանուր լռություն, մի տերև անգամ չէր շարժվում ծառերի վրա։ Օրվա տոթը անտանելի էր։ Սագերը, գլուխները թևերի տակ թաքցրած, քնել էին ուռիների ստվերի ներքո։ Նրանցից մեկը միայն, իմ ոտնաձայնը լսելով, գլուխը վեր բարձրացրեց և ծույլ կերպով մի քանի անգամ կչկչաց։ Մյուսները զարթեցան։ Բայց հյուսնի արհեստանոցում, ինչպես երևում էր, հանգստություն չկար, այնտեղից դեռ ուրագի ձայն էր լսվում։ Պարապությունից հետաքրքրվեցի այնտեղ մտնել և սպասել մինչև Ասլանի վերադարձը։ Ամբողջ արհեստանոցը լցված էր տախտակներով և զանազան ատաղձներով։ Այնտեղ և կարկատում էին նավակները, և նորերն էին շինում։ Ծերունի վարպետն աշխատում էր իր մի քանի աշակերտների և օգնականների հետ։ Տեսնելով ինձ, բոլորը նայեցին իմ վրա և շարունակեցին իրանց գործը։ Միայն վարպետը մի կողմ դրեց կարկինը, որով տախտակի վրա ինչ-որ չափումներ էր անում. գլուխը վեր բարձրացրեց և ակնոցները ուղղելով՝ հարցրեց.

— Դուք երևի այն ֆրանկի հե՞տ եք եկել։

— Այո՛, նրա հետ եմ եկել։

— Նստեցեք, խնդրեմ։

Ես չգիտեի որտեղ նստել, նստելու տեղ չկար։ Իսկ վարպետը այդ մասին չհոգաց, նա դարձյալ վեր առեց կարկինը, սկսեց իր չափումները անել։ Ես նստեցի շեմքի վրա։

— Հովի առաջը կտրում ես,— նկատեց ինձ աշակերտներից մեկը, ճակատի քրտինքը սրբելով,— առանց դրան էլ շատ շոգ է։

Նրա նկատողությունը թեև բավական հանդուգն էր, բայց