Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/104

Այս էջը հաստատված է

— Քոթոթ,— պատասխանեց նա, ինքն էլ ծիծաղելով իր օտարոտի անվան վրա։

— Քոթո՞թ, ի՞նչ լավ անուն է։

— Ես էլ լավ տղա եմ,— ասաց նա մի առանձին պարծանքով։ — Հայրիկը ինձ ասում է՝ դու քոթոթ ես, արջի քոթոթ,— դու խո տեսնում ես, որ ես քոթոթ չեմ։

— Դու քոթոթ տեսե՞լ ես։

— Տեսել եմ, մի անգամ մեր բակում պար էին ածում։ Ո՜ւհ, ինչպես մազոտ թաթիկներ ուներ։ Մտիկ տո՛ւր իմ ձեռքերին, իմ ձեռքերը խո այնպես մազոտ չեն։

Նա իր սիրուն ձեռքերը դրեց իմ ափի մեջ։

— Քո ձեռքերը այնպես չեն։

— Ինչո՞ւ են ասում ինձ քոթոթ։

— Ես կասեմ հայրիկին, որ էլ չասե։

Նա փոխանակ շնորհակալության, դարձյալ գրկեց իմ պարանոցը և ջերմ կերպով համբուրեց ինձ։

— Ասա՛ հայրիկին, որ Ծովիկը սուտ է ասում, դու խո իմանո՞ւմ ես, որ ես ծաղիկները չեմ փչացնում։

— Իմանում եմ։ Բայց ի՞նչ է անում հայրիկը, երբ Ծովիկը այդպիսի սուտեր է հնարում։

— Բարկանում է, պատվիրում է, որ ինձ պարտեզը չթողնեն, որ միրգ ուտեմ։

— Հայրիկին կասեմ, որ չբարկանա. դու խելացի տղա ես, կասեմ, որ պարտեզի դուռը քո առջև չփակեն։

Նա իմ խոստումներից բավական գոհ մնալուց հետո, մի այլ խնդիրք ևս առաջարկեց։

— Ասա, որ մայրիկն էլ խելացի է, նրա առջև էլ դուռը չփակեն։

— Ո՞ր դուռը.

— Սենյակի դուռը։ Հիմա այնտեղ է, դուռը փակած է։ Ես այսօր ուզեցի, որ գնամ տեսնեմ, չկարողացա...

Վերջին խոսքերը այնպիսի զգացմունքով արտասանեց փոքրիկ երեխան, որ ինձ վրա խիստ տխուր ազդեցություն գործեցին։

— Ինչո՞ւ են կողպում մայրիկին սենյակի մեջ։

— Չեմ իմանում։ Մայրիկը այնտեղ աղաղակում է, լաց է լինում... ես էլ լաց եմ լինում, երբ մայրիկը լաց է լինում...

Երեխայի աչքերում արտասուք երևաց։

— Հիմա այնտե՞ղ է մայրիկը։