Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/107

Այս էջը հաստատված է

դարձնում նրան։ Այստեղ անպատճառ մի բան պետք է չինի, մտածում էի ես:

Մեզ ընթրիք տալուց հետո, տանեցիք, այսինքն Ծովիկը և Քոթոթը, գնացին կտուրի վրա քնելու։ Գյուղացի երեխաները քնում են արևի հետ և զարթնում են նրանից առաջ։ Սրահի մեջ մեզ համար ևս քնելու անկողիններ պատրաստեցին։ Սրահը, որ պատշգամբի նախնական ձևն է, շատ հարմարություն ունի ամառնային կեցության համար. այնտեղ և՛ հով է, և՛ մաքուր օդ կա, և՛ անքուն գիշերներում մարդ չէ տաղտկանում, նայում է աստղազարդ երկնքի վրա, զվարճանում է անթիվ լուսավորներով։ Իսկ այն գիշերը ինձ ավելի գրավում էր այն խուլ, խորհրդավոր ձայնը, որ լսվում էր օդի մեջ,— դա ծովակի ալիքների ձայնն էր, որ գալիս էր հեռվից:

Հյուսնի արհեստանոցում գործը դադարել էր, այնտեղից ձայն չէր լսվում։ Բայց արհեստանոցի բաց դռնից ճրագի լույս էր երևում։ Ծերունի արհեստավորը, երևի, դեռ չէր քնած։ Նավավարը Ասլանին և վարպետ Փանոսին տարավ այնտեղ մի քանի բաներ ցույց տալու համար։ Ես չգնացի. ես արդեն ցերեկով տեսել էի այն տախտակների և փայտերի մթերանոցը, և դրանք ինձ համար մի առանձին նշանակություն չունեին։ Ես պառկած մնացի իմ անկողնի վրա և իսկույն քունս տարավ։

Մի օտարոտի ձայն զարթեցրեց ինձ։ Ո՞րքան ժամանակ անցել էր գիշերից, չգիտեմ, բայց աքաղաղները խոսում էին։ Գլուխս վեր բարձրացրի, նայեցի իմ շուրջը, ճրագի ձեթը արդեն սպառվել էր և պատրույգը երբեմն աղոտ կերպով պլպլում էր, երբեմն հանգչում էր: Բայց սրահի մեջ բավական լույս կար կիսալուսինը դեռ ոչ բոլորովին անհետացել էր հորիզոնից։ Նայեցի Ասլանի և վարպետ Փանոսի անկողինների վրա, նրանք դատարկ էին։ Երևում էր, որ դեռ չէին վերադարձել, նայեցի դեպի հյուսնի արհեստանոցը, այնտեղ դեռ ճրագի լույս էր երևում։

Օտարոտի ձայնը, որ զարթեցրեց ինձ, որքան հիշում եմ, դռան սաստիկ բախման ձայնի էր նմանում. նայեցի դեպի սրահի մեջ բացվող դուռը, նա բոլորովին բաց էր. իսկ երեկոյան, մեր քնելու ժամանակ, ես նրան փակած էի տեսել։ Գլուխս դարձյալ դրեցի բարձի վրա, բայց քնել չկարողացա։ Քանի րոպեից հետո մի մեղմ սոսափյուն, որ հագուստի խշխշոցի էր նմանում գրավեց իմ ուշադրությունը։ Գլուխս կրկին վեր բարձրացրի և ստվերի մեջ նկատեցի մի ինչ֊որ անորոշ կերպարանք։ Նա սկզբում անշարժ էր, հետո