Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/108

Այս էջը հաստատված է

շարժվեցավ և հանդարտ կերպով անցավ, առանց ամենաթեթև ձայն անգամ հանելու։ Կարծես նա օդի միջով էր գնում և նրա ոտները գետնին չէին դիպչում։ Նա ցած իջավ սրահի սանդուղքներից, դիմեց դեպի բակը։ Այնտեղ, լուսնի լուսավորության առջև, նա ավելի որոշ կերպարանքով նկարվեցավ իմ առջև, կարմիր շիլայի շապիկը իջնում էր մինչև նրա մերկ ոտները, գլխի հյուսերը արձակ էին, նրանք կիսով չափ ծածանվում էին ճակատի վրա, իսկ մնացյալ մասը խիտ գանգուրներով ծածկել էր նրա մեջքը։ Երբ նա կանգ առեց բակի մեջ, ետ նայելով դեպի սրահը, ես տեսա նրա դեմքը, դա կնոջ գունաթափ դեմք էր, որը լուսնի բաց-կապտագույն լուսավորության առջև ավելի թախծալի արտահայտություն էր ստացել։ Նա կրկին շարժվեցավ և սկսեց դիմել դեպի պարտեզը։

Չգիտեմ սնահավատությունից, թե մի այլ զգացմունքից, իմ ամբողջ մարմնով անցավ մի սոսկալի սարսուռ։ Ինձ այնպես էր թվում, թե մեռելներից մեկը գերեզմանից հարություն էր առել և շրջում էր գիշերային լռության մեջ։ Քունը բոլորովին փախավ իմ աչքերից։ Երբեմն վերմակը քաշում էի գլխիս, աչքերս խփում էի, վախենալով, միգուցե կրկին տեսնեմ նրան, իսկ երբեմն աչքերս երկյուղածությամբ բաց էի անում, նայում էի։ Նա դարձյալ երևվում էր։ Սկսեցի աղոթք կարդալ, աղոթքը փոքր-ինչ հանգստացրեց ինձ։

Նա, առանց որևիցե շշուկ հանելու, հանդարտ քայլերով անցավ բակի միջով, մոտեցավ պարտեզի դռանը։ Ձեռքը տարավ դեպի փականքը և իսկույն հեռացավ, երբ նկատեց, որ դուռը փակ էր։ Հետո բակի պատի մոտով սկսեց կամաց-կամաց դիմել դեպի փողոցի դուռը, և մի քանի րոպե չանցած, բոլորովին անհետացավ։ Ու՞ր գնաց,— ես չտեսա, որովհետև երկյուղը այն աստիճան տիրել էր ինձ, որ վախենում էի վեր կենալ և նրա ետևից նայել, թե ո՞ւր է գնում։ Ի՞նչ էր այդ, երա՞զ էր, տեսի՞լք էր, թե գրգռված երևակայության ցնորք։ Ես մնացի անշարժ դրության մեջ։ Կարծես ինձ ամուր կապերով կաշկանդել էին իմ անկողնի մեջ և շարժվել չէի կարողանում։ Կարծես «ղարան» անցավ իմ վրայով և իր բոլոր ծանրությամբ ճնշեց ինձ։

Կես ժամ հազիվ անցած կլիներ, երբ կրկին հայտնվևցավ ուրվականը։ Նա կամաց-կամաց մոտեցավ, վեր բարձրացավ սրահի սանդուղքներից, նախ մի շրջան գործեց նրա պատերի մոտով, այս կողմ ու այն կողմ նայելով, որպես թե մի բան որոնում էր,