Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/115

Այս էջը հաստատված է

հարցնում էր, թե ես տուն վերադառնալու ժամանակ ինչ ընծաներ պիտի տանեմ քույրերիս համար և այլն։ Տեսնելով հետաքրքիր աղջկա հարցերը վերջ չունեն, ասացի նրան.

— Դու շատ հեռվիցն ես գալիս, Ծովիկ, բավական հոգնած կլինես, գնա տուն։

— Հոգնա՞ծ,— կրկնեց նա վիրավհրվածի նման,—ես պետք է նորից վերադառնամ, այդ մեկ սափորը բավական չէ։ —Նա իր շալակը ցած դրեց։

Ես երեսս լվացել, վերջացրել էի, այժմ սանդրվում էի։

— Տեսնեմ այդ սանդրը, — ասաց նա, ձեռքը մեկնելով։

Այդ սանդրը ընծայել էր ինձ ընկերներիցս մեկը, կիսալուսնի ձև ուներ, և շինված էր գոմեշի սև եղջյուրից, Ծովիկը հիացմունքով նայում էր նրա վրա և անդադար շրջշրջում էր իր մանրիկ ձեռքերի մեջ։

— Հավանո՞ւմ ես։

— Շա՜տ սիրուն է։

— Ա'ռ, թող քեզ լինի։

— Բայց դու առանց սանդրի կմնաս։

— Քաղաքումը մի ուրիշը կգնեմ։

— Չէ, լավ կլինի, որ փոխենք իմ սանդրի հետ։

— Շատ լավ կլինի։

— Բայց իմը կոտրած է, անշնորհք է,

— Թող կոտրած լինի, բայց քո սանդրը ինձ համար շատ․․․

Նա թույլ չտվեց ինձ խոսքս վերջացնել, տվեց ինձ իր սանդրը, գլուխը բարեկամաբար շարժելով ժպտաց, վեր առեց սափորը և վազեց դեպի տուն։

Պատանու և աղջկա մեջ այսպիսի փոխարինությունը կարող էր բոլորովին այլ նշանակություն ունենալ, բայց պարզամիտ Ծովիկը չհասկացավ, նա միայն ուրախ էր, որ գոհացրեց ինձ և ինքը գոհ մնաց։

Ծովիկը մի զարմանալի աղջիկ էր երևում ինձ, Որքան արդյուքնավոր կարող էր լիներ, եթե գյուղական աղջկա այդքան աշխույժը, այդքան կենդանությունը գործ դրվեր ուրիշ, ավելի օգտավետ կրթությունների մեջ։ Մի այդպիսի խելացի աղջիկը կարող էր հրաշքներ գործել։

Երբ ես վերադարձա սրահը, բոլորը պատրաստ էին ճանապարհ ընկնելու, Ասլանը մի քանի րոպեով մտավ այն սենյակը, որտեղ գտնվում էր հիվանդը և մեզ սպասել տվեց։