Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/116

Այս էջը հաստատված է

Մենք եկանք նավահանգիստը այն ժամանակ, երբ բավական լուսացել էր, և աղոթարանը սկսել էր շառագունել: Նավաստին մոտեցավ ցցին, որից կապված էր նրա նավակը և, բռնելով պարանից՝ կոչեց.

– Դե՜, մոտ եկ:

Նա այնպես էր կանչում իր նավակին, որպես ձիապանը իր սնուցած նժույգին: Նավակը մոտեցավ եզրին: Նա մի ոստյունով ցատկեց նավակի մեջ, որը բավական հեռու էր կանգնած: Հետո ձայն տվեց Ծովիկին.

– Դե՛, դու էլ:

Մանկահասակ աղջիկը, հոր օրինակին հետևելով, նույնպես ցատկեց նավակի մեջ և տեղավորեց այնտեղ մեր նախաճաշիկի համար պատրաստած պաշարը. տապակած հավեր, պանիր, սպիտակ լավաշներ և մի շիշ գինի: Ասլանը նույնպես անցավ, բայց ես փայտի նման կանգնած մնացի ափի վրա: Ինձ համար տախտակ դրեցին, վրայից անցա: Կարո՞ղ եք երևակայել իմ ամոթը, իմ քրտինքը Ծովիկի առջև:

Վարպետ Փանոսը, եզրից բարի ճանապարհ մաղթելով, Ծովիկի հետ վերադարձավ դեպի գյուղը: Նավակը սկսեց լողալ: Նրա մեջ տարածված էր մի փոքրիկ գորգ, որի վրա նստեցինք ես ու Ասլանը:

Ծովը հանդարտ էր: Նավակը լողում էր առանց օրորվելու: Առաջին անգամն էր, որ ես ծովային ճանապարհորդություն էի անում, և իմ ուրախությանը չափ չկար: Ասլանը նույնպես լավ տրամադրության մեջ էր երևում, բայց լուռ էր: Նա գտնվում էր մի տեսակ հափշտակության մեջ: Անտարակույս, ծովային սքանչելի առավոտը չէր, որ իր գեղեցիկ տեսարաններով նրա ուշադրությունը գրավեր: Ո՞վ գիտե, ի՛նչ բանի վրա էր մտածում նա: Մտածո՞ւմ էր արդյոք այն բանի վրա, որ նրա մշտական ցնորքն էր, որի մասին շատ անգամ խոսացել էր ինձ հետ, թե պետք է արդյունավոր կացուցանել ջրային այդ մեծ ավազանը և, զարգացնելով նրա վրա կանոնավոր նավագնացությունը, պետք է ավելի սերտ կապերով միացնել շրջակա գավառների հարաբերությունները: Մտածո՞ւմ էր արդյոք այն բանի վրա, որը ինձ բոլորովին անկարելի էր թվում, թե պետք է մի ջրանցք բաց անել և, սկսելով այդ ծովի արևմտյան ափերից, հասցնել մինչև Եփրատ (Արածանի) գետը, որը ճեղքելով անցնում է Մուշի ամբողջ դաշտի երկարությամբ և, վերջը խառնվելով Տիգրիսի հետ, թափվում է