Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/123

Այս էջը հաստատված է

— Խնդրեմ այդ թուղթը ցույց տվեցեք ձեր վանահորը, դա նորին սրբազնության առաջնորդի, ինձ տված թուղթն է թեև դժվարությամբ է կարդացվում, բայց դարձյալ կարելի է որոշել, թե ի՛նչ նպատակով ես եկել եմ ձեր վանքը։

Աբեղան, նորին սրբազնության անունը լսելով, մի առանձին պատկառանքով առեց թուղթը, նայեց նրա վրա երևի աշխատեց մի բան կարդալ, այս կողմ ու այն կողմ շուռ տվեց, և մի երևելի գյուտ արածի նման, վերջապես ասաց․

—Այդ սրբազանի կնիքն է։

Աբեղան հեռանալուց հետո, ես և Ասլանը մնացինք խուցի մեջ միայնակ:

—Պետք է մի տաք բան խմել,— ասաց Ասլանը,— գոնե մի փոքր գինի լիներ։

— Մի՞թե այստեղ գինի չի լինի,— հարցրի ես։

— Հազիվ թե։

Ասլանի ասածը ուղիղ դուրս եկավ։ Երբ աբեղան վերադարձավ և հայտնեց վանահոր կողմից կատարյալ պատրաստակամություն կատարելու մեր փափագները, մենք հարցրինք գինու մասին։ Նա շփոթված մնաց, և երկար մտածելուց հետո, պատասխանեց.

— Կարծեմ պետք է, որ մի քիչ գտնվի. վանահայրը կես շիշ պահած ոներ «բաժակի» համար։

Հետո նա նստեց մեզ մոտ, սկսեց մի առանձին հոգածությամբ պատմել, թե շատ անգամ մեծ դժվարություններ են կրում, երբ «բաժակի» գինին սպառվում է, և վանահայրը համարյա միշտ մի հրաշքով է ձեռք բերում, որ սուրբ խորհուրդը կատարվի։ Եվ ավելացրեց, թե ինքը չէ իմանում ե՞ րբ կամ ի՞նչ ժամանակ է պատահել, բայց լսել է, որ Վան քաղաքի մոտ մի վանք կա, որ կոչվում է «Կռունկի վանք». մի անգամ սուրբ խորհուրդը կատարելու միջոցին պատարագիչ հայր սուրբը տեսնում է, որ գինի չկա և, չկամենալով ընդհատել պատարագը, մինչև գնային, գտնեին և բերեին, նա սկսում է աղոթել։ Հանկարծ, աստուծո հրամանով, մի կռունկ թռչելով ներս է մտնում տաճարի լուսամուտից, և իր կացի մեջ բռնած, երևում է խաղողի մի ողկույզ։ Նա ուղիղ մոտենում է սուրբ խորհրդի սեղանին, պատարագիչը առնում է նրա կտուցից ողկույզը և քամում է սկիհի մեջ։ Այն օրից այգ վանքը կոչվեցավ «Կռունկի վանք»։

Աբեղայի պատմությունը բավական էր, որ թե՛ ես և թե՛ Ասլանը