Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/124

Այս էջը հաստատված է

հրաժարվեինք մեր բաղձանքից, և նրանց այնպիսի մի դժվար դրության մեջ չդնեինք, որ ստիպված լինեին թռչունների միջոցով գինի ստանալ, թեև նրա պատմությունը այդ նպատակով ասված չէ, այլ ավելի այն նպատակով, որ երիտասարդ աբեղան ցույց տա, թե ինքն էլ մի բան գիտե։

— Մեր վանքումը, — ասաց նա,— ոչ մի ըմպելիք չէ գործածվում, բացի ջրից։ Ուխտավորներին անգամ արգելված է իրանց հետ ըմպելիքներ բերել։

Այդ միջոցին լսելի եղավ ճաշվա ժամի կոչնակի ձայնը։ Թեև այդ անապատը եկողը պետք է հետևեր վանական բոլոր կանոններին, բայց աբեղան, խնայելով մեզ, մեր հետ պատահած դժբախտության պատճառով, չպահանջեց մեզանից իսկույն եկեղեցի գնալ, այլ, ներողություն խնդրելով, ինքը հեռացավ, խոստանալով, որ պատարագը վերջացնելուց հետո դարձյալ կգա և մեզ կտանե սեղանատունը ճաշելու։

Խուցը, որ պատրաստել էին մեզ համար, իհարկե, վանքում գտնված ամենամաքուր, ամենահարմարավոր օթևաններից մեկն էր։ Բայց դա ես ուրիշ ոչնչի նման չէր, եթե ոչ մի մթին հավաբույնի նման։ Հատակը ծեփած էր կավով, որի վրա, իբրև սփռոց, տարածել էին պրտուներից և ճահճային բույսերից գործած մի հասիր (փսիաթ)։ Բայց մեզ պատվելու համար՝ ավելացրել էին նրա վրա մի հին կապերտի կտոր։ Պատերը շինված էին անտաշ քարերից, որոնց միացնող շաղախը, դարերի ընթացքում, խոնավությունից փտելով, հողմահարվելով, ցած էր թափվել, և քարերի մեջտեղում բացվել էին այլանդակ ճեղքեր ու խոռոչներ։ Այդ մթին խոռոչները խիստ հարմար պատսպարան էին ամեն տեսակ միջատների և սողունների համար։ Բայց ես վախենում էի միայն կարիճներից և օձերից։ Նրանց փոխարեն հայտնվեցավ մի մոխրագույն մողես, որը, ինչպես երևում էր, այնքան ընտելացած էր այդ խուցի նախկին բնակչի հետ, որ ամենևին չէր խորշում մարդկանց ներկայությունից։ Նա դուրս եկավ, մի արագ շրջան կատարեց նեղ խուցի մեջ, անցավ իմ և Ասլանի մեջտեղից, հետո կանգ առեց, սրածայր գլուխը վեր բարձրացրեց, ուշադրությամբ նայեց մեզ վրա և, կարծես ճանաչելով, որ իր սիրելի հայր սուրբը չենք, մի առանձին տհաճությամբ հեռացավ և կրկին մտավ իր խոռոչի մեջ։ Մկները ազատ կերպով թագավորում էին այստեղ, որովհետև վանքում կատու չէին պահում։ Չէին պահում և ոչ մի անասուն, մինչև անգամ հավեր, որոնք գոնե կոչնչացնեին միջատներին։