Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/128

Այս էջը հաստատված է

— Ես այնքան չեմ ցավում, որ նավակս կորցրի, այլ մտածում եմ, թե ի՞նչպես պետք է գիշերը անցկացնեմ այստեղ։

— Ինչո՞ւ։

— Կտեսնեք, թե որպես պիտի տանջեն մեզ...

Նա չբացատրեց, թե այդ տանջանքը ի՞նչում պետք է լիներ, բայց նա էլ ինձ նման սկսեց գանգատվել իր քաղցածության մասին։

— Ինչո՞ւ դուք Ծովիկի գրած հավերը նետեցիք ծովը, — սկսեցի ես հանդիմանել նրան։

— Դու կարծում ես, եթե մնացած լինեին, կարո՞ղ էիր ուտել,— ասաց նա, ուղիղ իմ աչքերի մեջ նայելով։— Այստեղ, եղբայր, միս չեն ուտում, և ուխտավորներին արգելված է իրանց հետ միս բերել, որ վարդապետների ախորժակը չգայթակղեցնեն։

Ինչ բանի դեմ բողոքում էր Եզնիկը հինգերորդ դարում, նույն բանի դեմ բողոքում էր անկիրթ նավաստին այժմ։

— Ուրեմն մատաղներ չե՞ն մորթում այստեղ,— հարցրի նրանից։

— Այդ կղզու վրա անկարելի է արյուն թափել։ Մատաղները մորթում են «դրսի տանը», այնտեղ պատրաստում են և այստեղ ուտում են։ Այդ լինում է տարին մի անգամ միայն, երբ րազմաթիվ ուխտավորներ են գալիս։

«Դրսի տուն» կոչում էր նավաստին կղզու հանդեպ՝ ցամաքի վրա գտնվող տունը, որ պատկանում էր անապատին։ Այդ տունը ջրային ճանապարհով կղզուց մեկ ժամու կամ ավելի պակաս հեռավորություն ուներ։ Այնտեղ էր զետեղված վանքային բոլոր տնտեսությունը։ Անապատում ուրիշ ոչինչ չէին շինում, միայն աղոթում էին ու ճգնում։ Իսկ այնտեղ գործ կար, որի մասին պիտի խոսեմ, երբ դուրս կգանք «դրսի տունը»։

Վերջապես ներս մտավ աբեղան և հրավիրեց մեզ սեղանատունը։ Դա մի ընդարձակ սենյակ էր, որի երկարությունը չորս անգամ ավելի կլիներ, քան թե լայնությունը։ Սենյակի երկարության չափով, մեջտեղում շինված էր քարյա անշարժ սեղանը, որի երկու կողմից զուգահեռաբար ձգվում էին նույնպես քարյա նստարանների վրա։ Ավելի քան հարյուր հոգի կարող էր տեղավորվել այդ նստարանների վրա։ Հարուստ վանքերում այդ տեսակ սեղանները շինված են լինում մարմարիոնից, իսկ այստեղ շինված էր հասարակ, մոխրագույն քարից։ Սեղանի գլխում մի առանձին տեղ հատկացրած էր վանահորը։ Մենք նրան իր տեղում