Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/132

Այս էջը հաստատված է

եթե տայիք ինձ կարդալու գրքերի ցուցակը. ես հայերեն կարդալ իմանում եմ։

— Ցուցակ չունենք, պարոն բժշկապետ, քանի անգամ մտածել ենք այդ մասին, բայց ժամանակ չենք գտել կազմելու։

Փոքր էր մնում, որ ես հարցնեի, թե ուրիշ ինչ գործով եք զբաղված դուք, որ մի ցուցակ կազմելու ժամանակ չեք կարողացել գտնել։

— Այսուամենայնիվ, հայր սուրբ, շատ հետաքրքիր էր ինձ տեսնել գրքերը, — ասաց Ասլանը։

— Մի ժամանակ այդ վանքում եղել են բազմահատոր գրքեր,— պատասխանեց հայր սուրբը, կարծես ինքն իր հետ խոսելով,— բայց քանի՜-քանի՜ անգամ թալանվել է այդ վանքը... ինչ էլ որ մնացել էր, անիծյալ Լենգթեմուրը տարավ...

— Ուրեմն ոչինչ չէ՞ մնացել,— հարցրեց Ասլանը զարմանալով։

— Մի քանի հատոր մնացել են։

— Դուք շատ բարի կլինեիք, հայր սուրբ, եթե այդ մի քանի հատորը ինձ ցույց տայիք։

— Մեծ ուրախությամբ, գնանք, պարոն բժշկապետ։

Մենք դուրս եկանք սեղանատնից։ Հայր սուրբը հրամայեց, որ բերեն ժամատան բանալիները, որտեղ դրած էին գրքերը։

— Բայց նախ քան ժամատուն մտնելը, ես կխնդրեի ձեզանից, հայր սուրբ, որ դուք ցույց տայիք ինձ ձեր վանքը։ Ինձ, որպես մի եվրոպացու, մեծ հաճություն կպատճառե՝ տեսնել մի հայկական վանքի կազմակերպությունը։

Եթե մի ուրիշը լիներ վանահոր տեղ, կամաչեր ցույց տալու իր վանքը, ուր ամեն ինչ կրում էր իր վրա մեռելության, անշարժության և ավերման տխուր կնիքը։ Բայց նա մի առանձին պարծանքով էր ցույց տալիս այդ բոլորը, որովհետև նրա վանքի կյանքը հենց նրա մեռելության մեջն էր,— անապա՜տ բառի բուն նշանակությամբ...

Նա ներս տարավ մեզ մի քանի աբեղաների խուցեր, որոնց մեջ գտանք միևնույն գերեզմանական մերկությունը, միևնույն սպանիչ մռայլը և խոնավությունը, ինչ որ տեսել էինք մեզ համար պատրաստած խուցում։ Տարբերությունը աննշան էր։ Դրանց մեջ ևս տեսնում էինք պատուհանում դրած հին սաղմոսը, հատակի վրա փռած հասիրը և իբրև բազմոց՝ մի կապերտի կտոր։ Այդ բազմոցի վրա նստած էինք գտնում խուցի աբեղային, որը մեզ