Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/146

Այս էջը հաստատված է

սկսում է լեռներում ճգնավորական կյանք վարել։ Հայաստանի երկրորդ լուսավորիչները, Սահակ Պարթևը և Մեսրոպը, երկար մաքառելով ամենադժվարին արգելքների դեմ, եռանդով առաջ են տանում իրանց սկսած մեծ գործը։ Բայց երբ դժբախտ հանգամանքները ծանրանում են և նրանց վրա, նրանք ևս թողնում են աշխարհը և հեռանում են դեպի անապատը...

Ես կարող էի մեր պատմությունից շատ օրինակներ բերել, բայց այդքանն էլ բավական է։ Այդ երևույթը նկատվում է մեր պատմության մեջ ոչ միայն անհատների վերաբերությամբ, այլև ամբողջ անապատական ուխտերի և միաբանությունների վերաբերությամբ, որոնք ժամանակի հալածանքներից խուսափելով, որոնք այնքան ուժ չունենալով մաքառելու ժամանակի հարվածների դեմ, որոնք անկարող լինելով փոխել, հեղաշրջել երկրի անբավարար կարգերը, հուսահատությունից անձնատուր են լինում անապատական կյանքի։ Եվ դրա մեջ պետք է որոնել այդ պատմական երևույթների իսկական պատճառը, որ անապատների կառուցումները ըստ մեծի մասին և ավելի հաճախ տեղի են ունեցել նախընթաց պատահած մի շարք դժբախտություններից հետո։

Այդ երևույթը ավելի պարզ կերպով ցույց տալու համար, ես կվերառնեմ մեր ամենամոտ ժամանակներից մի դարաշրջան և հենց այն դարաշրջանը, որի մեջ կատարվել է իմ նկարագրած Կտուց անապատի հիմնարկությունը։

Տասնևվեցերորդ դարու վերջերում հայտնվում է Շահ-Աբաս մեծը, իսկ տասնևյոթերորդ դարու սկզբում (1603 թ․) կատարվում է նրա առաջին կորստաբեր արշավանքը դեպի Հայաստան։ Մեր աշխարհը դառնում է արյան և կոտորածի մի սոսկալի հանդիսարան։ Օսմանցիք մեկ կողմից, պարսիկները մյուս կողմից, երկիրը բոլորովին ավերակ են դարձնում։ Շահ-Աբասը սրի և մտրակի ուժով Արարատյան նահանգից բազմաթիվ գերիներ վարում է դեպի Սպահան։ Այդ բազմամարդ նահանգը իսպառ դատարկվում է բնակիչներից։ Պարսիկների և օսմանցիների թերի թողած բարբարոսությունները լրացնում են հալալի կոչված ելուզակները։ Այդ ժամանակ հայտնվում են Քյոթ-Օղլին և Գզիր-Օղլին։ Հետո անմիջապես մինը մյուսին հաղորդում են մարախը, սովը և ժանտախտը։ Պարսիկների և օսմանցոց սրից ու գերությունից ազատ մնացած բնակիչները մեռնում են սովից և ժանտախտից։ Երկիրը ծածկվում է դիակներով։ Մեռելոտիների ընտելացած գազանները