Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/151

Այս էջը հաստատված է

Մկրտիչ եպիսկոպոսը նորոգեց Թադեոս առաքելո վանքը Արտազ գավառում։ Մարտիրոս եպիսկոպոսը նորոգեց ս. Գևորգի վանքը Մուղնի գյուղում, Կարբիի մոտ, Արագածի ստորոտներում։ Ոսկան վարդապետ Երևանցին նորոգեց ս. Սարգիս զորավարի վանքը Ուշի գյուղում, Կարբիի մոտ, նույնպես Արագածի ստորոտներում։ Այլևս չեմ խոսում ուրիշ շատ վանքերի մասին, որոնք կամ նորից շինվեցան, կա՛մ բոլորովին ավերակ լինելով, նորոգվեցան զանազան տեղերում։ Եվ այդ բոլորը կատարվեցավ Շահ-Աբասի արշավանքների ժամանակ կամ անմիջապես նրա արշավանքներից հետո։

Հիշյալ երկու կաթողիկոսները, Մովսես և Փիլիպոս, խիստ պայծառ տեղ են բռնում հայոց եկեղեցական պատմության մեջ, այն խառնաշփոթ, կորստաբեր և աղետավոր անցքերից հետո, որ կատարվեցան նրանց հինգ նախորդների միմյանց հետ ունեցած անընդհատ հակառակություններից։ Առաքել կաթողիկոսը դեռ կենդանի էր, երբ Դավիթը կաթողիկոս ձեռնադրվեցավ, հետո Մելիքսեդեկը, հետո Սրապիոնը, հետո Մելիքսեդեկի եղբորորդի Սահակը, — և այդպես, միաժամանակ էջմիածնի հայրապետական աթոռը դարձել էր հինգ կաթողիկոսների հակառակության առարկա։ Կաշառքով փոփոխակի մինը մյուսի ձեռքից խլում էր իշխանությունը, և էջմիածինը ընկած էր ծանր պարտքերի ներքո, նրա բոլոր սրբությունները գրավ էին մահմեդականների մոտ։ Իսկ այդ ցավալի ժամանակը փոքր չտևեց․ նա տևեց ամբողջ քառասուներեք տարի։ Դա այն ժամանակն էր, երբ Հայաստանը լողում էր արյան ծովի մեջ, երբ Շահ-Աբասը հայոց գերիները վարում էր դեպի Սպահան...

Հիմա դառնանք դեպի Լիմ և Կտուց անապատների հիմնարկությունը։

Սյունյաց մեծ անապատի միաբաններիցն էր նաև Ներսես վարդապետ մոկացին։ 1622 թվին, այսինքն Շահ֊Աբասի գերությունից 16 տարի հետո, Ներսեսը եկավ Վասպուրականի կողմերը և մտնելով Լիմ կղզին, նորոգեց այնտեղի ավերակ ու ամայի վանքը, և կազմեց անապատականների մի նոր միաբանություն, միևնույն կարգերով ու կանոններով, որպես նա տեսել էր Սյունյաց մեծ անապատում։ Մի քանի տարվա ընթացքում կրոնավորների թիվը այնքան բազմացավ, որ Լիմ կղզին նրանց համար շատ փոքր երևցավ, այդ պատճառով նրանց մի մասը տեղափոխվեց Կտուց կղզին և հիմնեց այնտեղ մի նոր անապատ, իհարկե,