Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/152

Այս էջը հաստատված է

չփոխելով իրանց ուխտին և միաբանությանը հատուկ կանոնները: Ահա այդ անապատն էր, որ մենք տեսանք, և այդ անապատի պատմական ծագումն էր, որ ես խոստացա անել:

Սյունյաց մեծ անապատը թեև տվեց երկու նշանավոր անձնավորություններ, որպիսիք էին Մովսես և Փիլիպոս կաթողիկոսները, բայց նրա նեղ, սահմանափակ, կղերական ուղղությունը կարող էր ավելի վնասակար լինել, եթե ինքը բնությունը վերջ չդներ այդ անապատի մոլեռանդությանը: 1658 թվի սաստիկ երկրաշարժը ճեղքեց, պատառեց այն սարավանդի մի մեծ մասը, որի վրա կանգնած էր անապատը: Ահագին ապառաժը խորտակվելով, բաժան-բաժան լինելով, վերևից թափվեցավ իր հանդեպ գտնված խոր ձորի մեջ, որտեղից հոսում էր Որոտն գետը: Գետի ընթացքը արգելվեցավ, և ձորի մեջ մի ընդարձակ լճակ կազմվեցավ, հետո ջուրը իր համար ուրիշ ճանապարհ բաց արեց: Բայց զարմանալին այն էր, որ քարաժայռի այն մասը, որի վրա կառուցված էր անապատը, ահագին բարձրությունից մինչև գետի ափը սողալու ժամանակ, մնաց ամբողջ և իր վրա ամբողջությամբ պահպանեց անապատը: Նույն դրության մեջ մնում է մինչև այսօր: Այդ դեպքը թեև համարվեցավ մի մեծ հրաշք, այնուամենայնիվ, անապատի միաբանները այլևս չկարողացան այնտեղ բնակվել և ցրիվ եկան դեպի զանազան կողմեր: Եվ այդպես, Սյունյաց մեծ անապատը իր գոյությունը պահպանեց 45 տարուց փոքր-ինչ ավելի, իսկ այդ սուղ ժամանակում նրա կատարած գործը մեծ եղավ: Ինչպես վերևում մի առ մի ցույց տվեցինք, նրանից ծնունդ առին ուրիշ շատ վանքեր և անապատներ միևնույն կազմակերպությամբ, միևնույն կարգերով ու կանոններով...

Կարծեմ, իմ այդ համառոտ տեսության մեջ բավական պարզվեցավ, որ անապատը երկրի անապահով դրության և նույն անապահովությունից առաջացած ժողովրդի հուսահատական վիճակի արդյունքն է: Աշխարհից բավականություն չգտնելով, դժգոհ լինելով, մարդը սկսում է ատել աշխարհը: Եվ որովհետև նա ինքը նույնպես աշխարհի մի մասն է կազմում, հետևապես սկսում է ատել և իր անձը: Այստեղից է առաջ գալիս այն հոգևոր անձնասպանությունը, որ կրոնավորների լեզվով կոչվում է ճգնավորություն, խստակեցություն և մարմնամաշություն: Անապատականը դրսից, նույնիսկ աշխարհից է ստանում անձնասպանության այդ զգացմունքը և, իր մթին խուցի մեջ զարգացնելով, կրկին վերադարձնում է աշխարհին: Նրանց հարաբերությունները