Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/154

Այս էջը հաստատված է

Վասպուրականը հույների ձեռքումն մնաց միայն 107 տարի, վերջը տիրեց Միրան անունով ամիրան և իրան կոչեց Շահ–Արմեն, այսինքն թագավոր հայոց։

ԺԳ

ԴՅՈԻԹԱԿԱՆ ԳԱՎԱԶԱՆԸ

Կեսօրից բավական անցել էր, երբ մենք հասանք Այգեստան․ մարդիկ չէին երևում, փողոցները համարյա թե դատարկ էին։ Դեռ շարունակվող տոթը քշել էր նրանց այգիների ու պարտեզների հովասուն ստվերների ներքո։

Անցնելով կարգով տնկած հովանավոր ուռիների և բարդի ծառերի տակից, մենք մտանք այն փողոցը, որտեղ գտնվում էր վարպետ Փանոսի տունը։ Այստեղ ինչ–որ աղմուկ էր լսվում։ Հեռվից նշմարեցինք, փոշու ամպերի մեջ կորած, աղաղակելով, ճիչ բարձ—րացնելով վազվզում էին մի խումբ երեխաներ։ Երբ մոտեցանք, տեսարանը ավելի պարզվեցան։ Երեխաները հալածում էին մի պառավ կնոջ, որը նրանց առջևից փախչելով, երբեմն կանգ էր առնում, սպառնալիքներ էր կարդում, և երեխաները այդ լսելով, նույնպես կանգ էին առնում, փոքր—ինչ հանգստանում էին, իսկ երբ պառավը շարունակում էր գնալ, փոքրիկ չարաճճիները կրկին աղաղակ էին բարձրացնում, շրջապատում էին նրան և նրա վրա խճի կտորներ էին նետում։ Պառավի հետ կար և մի փոքրիկ աղջիկ։ Ես իսկույն ճանաչեցի Հյուբբիին։

Կարծես երազ լիներ այդ, կամ տոթն ու հոգնածությունը այն աստիճան գրգռել էին իմ երևակայությունը, որ իմ աչքի առջև երևում էին խաբուսիկ պատկերներ։ Որ՞տեղից հայտնվեցավ Հյուբբին։ իսկ նրանից անբաժան պառավը անպատճառ Սուսանը պետք է լիներ։ Այո՛, հենց նա էր։

— Հյուբբի՜ն... Սուսա՜նը...— բացականչեցի ես զարմացած կերպով և դարձա դեպի Ասլանը։

— Նրանք են.. — պատասխանեց նա մի այնպիսի ձայնով, որի մեջ լսվում էր և՛ ուրախություն, և՛ խորին մտատանջություն։

Երևում էր, որ Ասլանին ևս ոչ սակավ զարմացում պատճառեց նրանց անակնկալ հայտնվելը Այգեստանում։ Դա առանց մի կարևոր պատճառի չէր չինի։